Հին դարերում հայերը քաղաքակիրթ աշխարհի ամենանշանավոր ժողովուրդներից էին: Հայերը, որպես էթնիկական կազմավորում, առաջացել են հնդեվրոպական ընդհանրական լեզվի տրոհման հետևանքով: Հայկական էթնոսը շուրջ 4 հազարամյակի պատմություն ունի և անցել է ազգերի զարգացման բոլոր փուլերը՝ ցեղերից ժողովուրդ և ազգ: Հնչյունաբանական փոփոխությունների օրինաչափությունները հնդեվրոպական լեզուներում եւ առաջին հերթին հայերենում ցույց են տալիս, որ “հայ” (հայերենի որոշ բարբառներում ` “խայ”) ցեղանունը պետք է առաջացած լինի նախնական “Հատիոս” կամ “Խատիոս” ցեղանունից: Եթե այդ կռահումը ճիշտ է, ապա ստացվում է, որ մեր ժողովրդի “հայ” կամ “խայ” ինքնանունը կապ ունի փռյուգիական “Հատիոս” աստծո անվան հետ, այստեղից էլ` Կոտայքում գտնվող “Հատիս” լեռան անունը: Հայկական լեռնաշխարհը վաղնջագույն ժամանակներից տարբեր ժողովուրդների կողմից ընկալվել է որպես մարդկության բնօրրան: Հետաքրքիր է մարդկության ծագման Աստվածաշնչյան ավանդությունը, ըստ որի մարդկությունը երկու անգամ էլ, թե Ադամի, թե Նոյի ժամանակ, առաջացել է Հայկական լեռնաշխարհում: Աշխարհի հնագույն` շումերական, աքքադական, բաբելոնական էպոսները նույնպես վկայում են, որ համաշխարհային ջրհեղեղից փրկված մարդը ապաստանել է Հայկական լեռնաշխարհի տարածքում: Ինչպես տեսնում ենք, հնագույն աղբյուրները վկայում են Հայաստանի տարածքից մարդկության եւ քաղաքակրթության տարածման մասին: Ք.ա. 23-րդ դ. Աքքադի թագավոր Նարամ-Սուենը հիշատակում է Արմանի կամ Արմանում երկիրը, որի բնակիչներին կոչում է Հայայի զավակներ կամ Հայա ժողովուրդ: Ամենահին գրավոր հիշատակությունները վերաբերում են շումերական եւ աքքադական էպոսներից հայտնի Արատտա պետությանը, որը գոյություն է ունեցել Ք.ա. 28-27-րդ դարերում: Արատտա անունը Արարատի աղավաղված ձեւն է:Շումերները, որոնք համարվում են առաջինը գիր եւ քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդներից, Արատտան անվանում էին «սրբազան օրենքների երկիր», որտեղից տարածվել է քաղաքակրթությունը, իսկ իրենք ձեռք են բերել իրենց գիտելիքները: Հետաքրքիր է նշել, որ երբ խեթական Թուդհալիա IV թագավորը (1250-1220) մեր երկիրն անվանում է Հայասա, նույն ժամանակ Ասորեստանի արքա Թուկուլթի-Նինուրտան (1243-1221) այն կոչում է Նաիրի: