Արտաշես Ա

Մագնեսիա քաղաքի մոտ Անտիոքոս III-ը ծանր պարտություն կրեց հռոմեացիներից: Օգտվելով սելեւկյան պետության թուլացումից` Ք.ա. 189 թ. Մեծ Հայքում անկախ թագավոր հռչակվեց Արտաշես Ա-ն, Փոքր Հայքում` Միհրդատը, Ծոփքում` Զարեհը, Կոմմագենեում` Պտղոմեոսը: Արտաշես Ա-ն (Ք.ա. 189-160 թթ.) մեր ժողովրդի պատմության նշանավոր թագավորներից մեկն է եղել: Նա իրագործել է բազմաթիվ բարենորոգումներ, որոնք նպաստել են երկրի աննախընթաց վերելքին: Արտաշեսն իրեն ներկայացնում էր որպես Երվանդական արքայատոհմի սերունդ: Սակայն իրականում նա հիմնադրում է նոր թագավորական հարստություն, որն իր անունով կոչում ենք Արտաշեսյան: Այս դինաստիան Մեծ Հայքում իշխեց մոտ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) և այդ շրջանում մեր երկիրը դարձավ տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը: Արտաշես Ա-ի առաջնահերթ խնդիրներից էր վերամիավորել Մեծ Հայքից բռնի առանձնացված հողերը: Իր միավորիչ գործունեությունը հաջողությամբ իրականացնելու համար Արտաշեսին անհրաժեշտ էր հզոր բանակ: Նա բանակը բաժանեց չորս սահմանապահ զորաթեւերի` զորավարությունների: Դրանցից յուրաքանչյուրը խնդիր ուներ օտար հարձակման դեպքում պաշտպանել սահմանի իր մասը` մինչեւ արքայական բանակի հասնելը, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում իրականացնել հարձակողական արշավանքները:

Այդ զորավարությունների հիմքի վրա հետագայում ստեղծվեցին բդեշխությունները: Հզոր բանակի միջոցով Արտաշեսը միավորեց հայկական տարածքների մեծ մասը: Արեւելքում նա հասավ մինչեւ Կասպից ծովը եւ վերադարձրեց Փայտակարանն ու Պարսպատունիքը, հյուսիսում վրացիներից հետ վերցրեց Կղարջքը եւ Գուգարքը, արեւմուտքում Փոքր Հայքից վերցրեց Դերջանը, Կարինը, Ծոփքի արքա Զարեհի հետ գրավեցին ու բաժանեցին Եկեղիքը, հարավում սելեւկյաններից հետ գրավեց Տմորիքը: Հույն աշխարհագրագետ Ստրաբոնի վկայությամբ` այդ բոլոր տարածքների բնակչությունը հայախոս էր:

Միավորված ու ընդարձակված պետության կառավարումը հեշտացնելու նպատակով նա Մեծ Հայքը բաժանել է 120 գավառների (ստրատեգիաների), որոնք ղեկավարում էին թագավորի նշանակած ստրատեգոսները:

Պատմահայր Մովսես Խորենացին, խոսելով Արտաշես Ա-ի հողային բարեփոխումների մասին, գրում է. «Արտաշեսի ժամանակ մեր հայոց աշխարհում անմշակ հող չէր մնացել` ոչ լեռնային եւ ոչ դաշտային, այնքան էր շենացել երկրիը»:

Արտաշես Ա-ն հիմնադրում է Արտաշատ մայրաքաղաքը, որը շուտով դառնում է Հին աշխարհի կարեւոր կենտրոններից մեկը: Ըստ հռոմեացի պատմիչ Պլուտարքոսի` քաղաքի տեղն ընտրելու եւ հատակագիծը կազմելու գործում հայոց արքային աջակցել է Հին աշխարհի նշանավոր զորավարներից կարթագենցի Հաննիբալը: Նա Հռոմի երբեմնի ահեղ թշնամին էր, որն իր պարտությունից հետո անցել էր արեւելք եւ ապաստանել Հայաստանում: Քաղաքը կառուցվել է Արարատյան դաշտում` Արաքս եւ Մեծամոր գետերի միախառնման տեղում` ներկայիս Խոր Վիրապի տարածքում: Քաղաքի աշխարհագրական դիրքը շատ բարենպաստ էր: Արարատյան դաշտում էին խաչվում արեւելքից արեւմուտք եւ հարավից հյուսիս տանող առեւտրական ճանապարհները: Նորաստեղծ Արտաշատում թագավորը կառուցեց Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը: Այնտեղ Անահիտի արձանի կողքին տեղադրվեցին Արտաշեսի նախնիների` Երվանդական եւ Աքեմենյան թագավորների քանդակները:

Արտաշեսը մեծ հեղինակություն էր վայելում տարածաշրջանում, եւ հարեւան երկրների թագավորները վեճերը լուծելու համար հաճախ դիմում էին հայոց արքայի միջնորդությանը:

Հին աշխարհի պետություններում ընդունված էր թագավորներին պատվանունների շնորհումը: Արտաշես Ա-ն իր կատարած բարի գործերի համար ստացել էր «Բարեպաշտ» պատվանունը:

Արտաշես Ա-ի բարեփոխումների եւ գործունեության շնորհիվ Մեծ Հայքը բռնեց սրընթաց վերելքի ուղին, որի հետագա արտացոլումը հանդիսացավ նրա թոռ Տիգրան Մեծի օրոք հայկական կայսրության ստեղծումը:

Արտաշիսյանների արքայացանկը

1. Արտաշես Ա (Ք.ա. 189 թ. – մոտ 160 թ.),

2. Արտավազդ Ա (Ք.ա. մոտ 160 թ.– մոտ 115 թ.),

3. Տիրան (Տիգրան Ա, Ք.ա. մոտ 115 թ. – 95 թ.),

4. Տիգրան Բ Մեծ (Ք.ա. 95 – 55 թթ.),

5. Արտավազդ Բ (Ք.ա. 55 – 34 թթ.),

6. Արտաշես Բ (Ք.ա. 30 – 20 թթ.),

7. Տիգրան Գ (Ք.ա. 20 թ. – մոտ 8 թ.),

8. Տիգրան Դ (Ք.ա. մոտ 8 – 5 թթ. և Ք.ա. 2 – 1 թթ.),

9. Արտավազդ Գ (Ք.ա. 5 – 2 թթ.),

10. Տիգրան Դ և Էրատո (Ք.ա. 2 – մ. թ. 1 թ.)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: