Ք.ա. IV դ. վերջերին Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները նշանավորեցին նոր դարաշրջան Առաջավոր Ասիայի մի շարք երկրների պատմության մեջ: Հին Արևելքի ընդարձակ շրջաններում սկսվեց «Հունականության» («Հելլենիզմ») ազդեցության փուլը: Հելլենիզմի բովանդակությունը չի սպառվում արևմտյան քաղաքակրթության ազդեցությամբ և շատ ավելի հարուստ ու բարդ երևույթի պայմանական անվանում է: Հինարևելյան հարուստ մշակույթը, որն առանձին-առանձին ծաղկում էր տարբեր երկրներում, հաղթահարեց իր մեկուսացվածությունը և խաչաձևվեց դասական հունական մշակույթի հետ: Ծնունդ առավ նոր, ինքնատիպ մի մշակույթ, որը հելլենիստական կերպարանք էր կրում: Ք.ա. Ill-I դդ. հայկական մշակույթի զարգացման ընթացքի մեջ բեկում տեղի ունեցավ: Եթե նախորդ պատմաշրջանում (VI- IV դդ.) Հայաստանը գտնվում էր Աքեմենյան տերության քաղաքական գերիշխանության ոլորտում և շփումների մեջ էր իրանական մշակույթի հետ, ապա արևելյան բնույթի հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում ակնհայտ շրջադարձ կատարեց դեպի արևմտյան մշակույթ: Հայաստանը ևս ընդգրկվեց մշակութային հուժկու շարժման մեջ, որը պայմանավորված էր նաև երկրի ապրած քաղաքական ու տնտեսական վերելքով: Հայկական տարածքների միավորումը և Արտաշեսյանների հարստության հաստատումը երկրում, հայոց պետականության առաջընթացը՝ Ք.ա., I դ., երկրի անկախության պահպանումը Ք.Հ. I-III դդ., բուռն քաղաքաշինությունը, արհեստների ու առևտրի վերելքը, բազմակողմանի փոխշփումները հարևան երկրների հետ մեծ չափով նպաստեցին հելլենիստական մշակույթի ծաղկմանը:
Հելլենիզմը Հայաստանում ներկայանում է որպես վեցդարյա մի պատմաշրջան, որը, ամբողջություն կազմելով հանդերձ, բաժանվում է երկու փուլի: Նկատի առնելով հասարակական կյանքի և մշակութային զարգացման իրողությունները՝ կարելի է առանձնացնել ՝ Ք.ա. դարերը (1-ին փուլ), այսինքն՝ բուն հելլենիստական ժամանակաշրջանը, և նրա շարունակություն դիտել՝ Ք.Հ. I-III դարերը՝ ուշ հելլենիստական ժամանակաշրջան (2-րդ փուլ): Առաջին փուլը բնութագրվում է հելլենիստական հասարակական հարաբերությունների և մշակույթի Հայաստան ներթափանցմամբ, ինքնատիպ նոր երևույթների ձևավորմանը ու զարգացմամբ, ընդ որում՝ առանձնահատուկ քաղաքական և տնտեսական պայմաններում: Այս փուլը կարելի է հելլենիստական մշակույթի վերընթաց զարգացման ժամանակաշրջան համարել: Հաջորդ՝ երկրորդ ժամանակաշրջանր հելլենիզմի վարընթաց շարժման ազդեցությունն է կրում: Երկրում սկսվում է ավատատիրական հարաբերությունների առաջացումը, քաղաքները կորցնում են հասարակության կյանքում իրենց նախկին վճռորոշ դերը, նախարարությունների ձևավորման հետևանքով ուժեղանում են դեպի բնատնտեսություն տանող երևույթները, թուլանում են տարբեր շրջանների միջև տնտեսական ու մշակութային կապերը: Տկարանում է նաև հայոց պետականությունը, որն այլևս ի վիճակի չի լինում դիմագրավել Հոոմի քաղաքական ու մշակութային ճնշմանը: Հելլենիստական ավանդույթները կորցնում են իրենց ազդեցությունը, և Հայաստանը հաղորդակից է դառնում ուշ անտիկ, հռոմեական հատկանիշներ ունեցող մշակույթին:
Հելլենիզմի դարաշրջանի հայ մշակույթում հանդես էին գալիս երկու հիմնական ուղղություններ: Առաջինն ավանդական (ժողովրդական) ուղղությունն էր, որր զարգանում էր գյուղական բնակչության միջավայրում և հավատարիմ էր մնում իր տեղական, հինարևելյան ակունքներին, ավանդական աշխարհընկալմանն ու պատկերացումներին: Երկրորդը հելլենիստական ուղղությունն էր, որը զարգանում էր հասարակության կյանքում կատարված տեղաշարժերի հիման վրա և կրում էր վերնախավային շերտի ու քաղաքային ազատ բնակչության նոր ըմբռնումների և ճաշակի դրոշմը: Այս երկու ուղղությունները միմյանցից անջրպետված չէին; հելլենիստական հայկական մշակույթի առաջընթացը որոշակիորեն պայմանավորված էր նաև այդ երկուսի փոխներթափանցումով, հին և նոր արժեքների փոխազդեցությամբ ու միահյուսումով: Վերելքի ուղին բռնած հայկական նյութական ու հոգևոր մշակույթը իր արժանի տեղն է զբաղեցնում հին աշխարհի առաջավոր մշակույթների շարքում:
Հելլենիզմն իր առավել լիարժեք ու ցայտուն արտահայտությունը գտավ հայկական նյութական մշակույթի բնագավառում և հատկապես քաղաքաշինության ասպարեզում: Հնագույն քաղաքների նոր վերելքին զուգընթաց՝ թափ է առնում նոր քաղաքների շինարարությունը: Առաջիններից տիպական կարելի է համարել Արգիշտիխինիլի-Արմավիրի օրինակը: Նախորդ դարաշրջանի վարչական կենտրոնը վերածվել էր Հայաստանի մայրաքաղաքի, ընդ որում պահպանելով նաև սրբավայրի իր նշանակությունը: Արմավիրում գոյություն ուներ արեգակին, լուսնին և Հայոց թագավորների նախնիների պաշտամունքին նվիրված տաճար, որի շրջակայքում գտնվում էր սոսիների սրբազան պուրակը: Պատմաշրջանի ամրոցաշինական արվեստը ներկայացված է անառիկ Գառնիով, որը համակողմանիորեն ուսումնասիրված է երկարատև պեղումների շնորհիվ: Գառնին գոյություն է ունեցել Արարատյան թագավորության ժամանակներից և իբրև նշանավոր ամրոց ու արքունի ամառանոց հայտնի է եղել նաև I-III դարերում: Վաղ միջնադարում ևս Գառնին հռչակված էր որպես անառիկ բերդ և զորակայան: Ամրոցր կառուցվել է եռանկյունաձև հրվանդանի վրա և հիանալի պաշտպանված է բնական ուղղաձիգ ժայռերով: Ավելի քան 2 մետր լայնություն և 10 մետր բարձրություն ունեցող պարսպապատերը, ուղղանկյունաձև 14 աշտարակներր պաշտպանում էին ամրոցի մնացած մասերը:
Հելլենիստական ժամանակաշրջանում Հայաստանում գոյություն է ունեցել նաև բարձր զարգացման հասած քանդակագործություն: Հին հայկական արձանագործության հելլենիստական ուղղության ամենանշանավոր հուշարձանը Անահիտ աստվածուհու բրոնզյա արձանի գլուխն է, որը գտնվել է Արևմտյան Հայաստանում (Սատաղ քաղաքի մոտ) և այժմ պահվում է Բրիտանական թանգարանում՝ Լոնդոնում: Տեղական և Հելլենիստական տարրերի փոխներթափանցման վկայություններ են Մեծ Հայքի և Ծոփքի թագավորների հատած դրամների վրա դրվագված արքայական պատկերները:
Հելլենիստական պատմաշրջանի խճանկարչության առայժմ հայտնի միակ նմուշը հայտնաբերվել է Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակին: Գառնիի խճանկարը բազմերանգ է և պատրաստվել է Ազատ գետի հունից հավաքված գույնզգույն քարերից:
Զարգացման նոր աստիճանի է հասնում նաև հին հայկական հեթանոսական կրոնը: Հայկական կրոնական վաղնջական ըմբռնումների հիման վրա վերջնականապես կազմավորվում է հին հայկական դիցարանը: Աստվածները միմյանց հետ կապված են ազգակցական կապերով, իսկ աստվածների ընտանիքն ունի իր յուրօրինակ ներքին աստիճանակարգը: Յուրաքանչյուր աստված կամ աստվածուհի կատարում է որոշակի դեր և գործառույթ, նրա իշխանությունր տարածվում է բնության երևույթների ու հասարակական կյանքի առանձին երևույթների վրա: Հին հայոց գերագույն աստվածը Արամազդն էր, որր համարվում էր բոլոր աստվածների հայր: Նա երկնքի և երկրի արարիչն էր, բարօրություն էր պարգևում աշխարհին ու արիություն հաղորդում մարդկանց: Ի տարբերություն իրանական Ահուրա Մազդայի, հայոց Արամազդը, բարի լինելով հանդերձ, կարող էր և պատուհասել: Հայոց դիցարանին բնորոշ չէր երկվությունը (դուալիզմ), չար և բարի աստվածների առանձին-առանձին գոյությունը և պաշտամունքը:
Հելլենիստական պատմաշրջանի հայկական մշակույթի զարգացումը նշանավորվեց շրջադարձային բնույթի տեղաշարժով. հետզհետե հեռանալով արևելյան քաղաքակրթության ոլորտից՝ այն ընդգրկվեց միջերկրածովյան ավազանի երկրների մշակութային աշխարհի սահմաններում: Հայկական մշակույթը շարունակում էր ազգային բնույթ կրել՝ աղերսվելով հունահռոմեական մշակույթի հետ: Շրջադարձը դեպի արևմտյան քաղաքակրթություն ձեռք բերեց անշրջելի բնույթ, երբ Հայաստանում պաշտոնական կրոն ընդունվեց քրիստոնեությունը, և երկիրն ավելի մեծ չափով հաղորդակից դարձավ միջերկրածովյան քրիստոնեական մշակույթին: Հայաստանի հելլենիստական մշակույթի ավանդույթները, այնուամենայնիվ, չմոռացվեցին և նախապատրաստեցին հայ ազգային մշակույթի աննախընթաց ծաղկումը վաղ միջնադարում: