«Բարոյագիտություն» կատեգորիայի հոդվածները

Ազատություն

Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է։

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Իրավունքի ասպարեզում ազատությունը Սահմանադրության մեջ կամ այլ իրավաբանական ակտում հաստատված մարդու հնարավոր որոշակի պահվածքն է (խոսքի ազատություն, դավանանքի ազատություն և այլն)։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով»։

Անբարոյականություն

Անբարոյականությունը արտահայտություն է, որը բնութագրում է մարդկանց կամ նրանց որոշակի գործողությունները, որոնք խախտում են կամ հակադրվում որոշակի բարոյական նորմերի, օրենքների կամ ստանդարտների։

Արիստոտելը համարում էր, որ այնպիսի գործողություններ, ինչպես նախանձը, սպանությունն ու գողությունը, անբարոյական են, քանի որ խախտում են իր կողմից ձևակերպված «ոսկե միջինի» փիլիսոփայական հասկացությանը: Միևնույն ժամանակ նա անբարոյականություն չէր համարում արվամոլությունը:

Արժանապատվություն

Մարդու արժանապատվությունը նշանակում է, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց ծագումից կամ այլ հատկանիշներից, ինչպիսիք են սեռը, տարիքը կամ գույքային դրությունը, ունեն միևնույն արժեքը և միևնույն հիմնական իրավունքները։ Ըստ այդմ՝ մարդու արժանապատվությունը և մարդու իրավունքները բարձր են կանգնած յուրաքանչյուր երկրի սահմանադրությունից և օրենքներից։

Բարոյականություն

Բարոյականություն կամ մորալ (լատ.՝ moralitas, լատ.՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Էթիկա

Էթիկան կամ բարոյագիտությունը փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկա տերմինը առաջացել է հին հունարեն ἠθικός (էթիկոս), ἦθος (էթոս) բառից, որը նշանակում է սովորություն։ Էթիկա տերմինը էսթետիկայի հետ միասին զբաղվում է արժեքների խնդիրներով, ուստի կազմում է փիլիսոփայության արժեքաբանություն ճյուղը։

Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։ Բարոյագիտությունն, որպես ինտելկտուալ ուսումնասիրության ոլորտ նույնպես կապված ՝ բարոյահոգեբանության, նկարագրային էթիկայի և արժեքի տեսության հետ։

Այսօր կա Էթիկայի ուսումնասիրության երեք գլխավոր բաժին՝

1 Մետաէթիկա-զբաղվում է բարոյական հիմնավորումների տեսական նշանակությամբ և ծանոթագրություներով և թե ինչպես կարող են դրանց ճշմարտության արժեքները հաստատվել։

2 Նորմատիվ էթիկան զբաղվում է բարոյական վարվելակերպի պրակտիկ իմաստների ուսումնաիրությամբ։

3 Կիրառական էթիկան, որը զբաղվում է այն հարցերով՝ թե մարդը ինչ պետք է անի կոնկրետ իրավիճակում կամ հատուկ գործողությունների տիրույթում։

Ինքնագնահատում

Ինքնագնահատում, իր սեփական արարքների, բարոյական հատկություն ների, համոզմունքների, մոտիվների բարոյական գնահատումը։ Ինքնագնահատումը անհատի բարոյական ինքնագիտակցության և խղճի դրսևորումներից մեկն է։ Այն մարդու մեջ ձևավորվում է նրա բարոյական դաստիարակության պրոցեսում։ Ինքնագնահատման բարոյական ակտի մեջ մարդը դատում է իր գործունեության բարոյական նշանակության մասին ոչ թե պարզապես իր անունից, այլ հասարակության անունից, որին նա պատկանում է և որի մեջ սուբյեկտիվորեն նա իրեն դնում է։ Ինքնագնահատման ընդունակության շնորհիվ մարդը հնարավորություն է ձեռք բերում դաստիարակելու իրեն։ Ինքնագնահատումը, արտահայտելով անհատի ինքն իր` որպես հասարակության անդամի հանդեպ գիտակից վերաբերմունքը, կապված է հասարակական հարաբերությունների և բարոյական դաստիարակության ամբողջ համակարգի հետ։

Խիղճ

Խիղճ, բարոյագիտության կատեգորիա, իրականացված բարոյագիտակցություն, որ բնորոշում է իր բարոյական սկզբունքներ մշակելու, արարքները հսկելու և արժեքավորելու անհատի ունակությունը։ Անհատի արարքների գնահատականը դրսևորվում է ոչ միայն որպես դրանց բանական գիտակցում, այլև ապրում՝ «խղճի խայթ»։ Իդեալիստական փիլիսոփայությունում խիղճը դիտվում է որպես «ներքին ես»-ի ձայն (Կանտ, Ֆիխտե), մարդուն ի ծնե հատուկ բարոյական հատկություն և այլն։ Մարքս-լենինյան բարոյագիտությունը հիմնավորում է խիղճի հասարակական-պատմական բնույթը, ցույց տալիս, որ այն պայմանավորված է ոչ միայն անհատի ներաշխարհով, այլև հասարակական կեցությամբ՝ «Հանրապետականի խիղճն այլ է, քան ռոյալիստինը, հարուստինը՝ այլ, քան ընչազուրկինը, մտածողինը՝ այլ, քան նրանը, ով անկարող է մտածել»։

Կամք

Կամքը ֆիզիոլոգիական, հոգեբանական, փիլիսոփայական և իրավաբանական հասկացություն է։

Կամքը մարդկանց այն ունակությունն է, որը, անկախ արտաքին պայմանների, թույլ է տալիս առաջացնել կամ զսպել այս կամ այն ֆիզիկական գործողությունները (հատկապես շարժումները), և մշակել գործունեության ներքին ազդակներ։ Կամային ազդակների առաջացման վայրը գլխուղեղի գորշ նյութն է։ Նրանց առաջացման մեխանիզմները դեռ լիովին բացահայտված չեն։ Կամքի խանգարումը արտահայտվում է կամային կենտրոնների խաթարմամբ, ինչը կարող է հանգեցնել կամքի թուլացման կամ կամքի բացարձակ կորստի (աբուլիա)։ Կամային կենտրոնների գործունեության խաթարման արդյունքում կարող է առաջանալ նաև կամային դրդիչների ծայրահեղ լարվածություն (հիպերբուլիա), ինչի հետևանքով կամային հակազդեցությունները դառնում են չափազանց արագ ու անզուսպ, օրինակ՝ աֆեկտի ժամանակ կատարված գործողությունները։

2.Կամքը գիտակցության կենսագործունեության ակտիվ կողմն է և բնութագրվում է իբրև մղում, որն ուղեկցվում է ցանկալի նպատակի հասանելության գիտակցմամբ։ Կամքի շնորհիվ անձը կարողանում է նպատակներ առաջադրել, վճիռներ կայացնել և դրանց իրականացման համար անհրաժեշտ ջանքեր գործադրել։ Այլ կերպ ասած՝ կամքը որևէ գործողության հանդեպ անձի գիտակցված պատրաստականությունն ու նպատակաուղղվածությունն է։ Այն անմիջականորեն կապված է մտածողության և հուզական ոլորտի հետ։ Կամքի արտաքին անմիջական դրսևորումները շարժումներն են, որոնք միավորվելով դառնում են գործողություններ, իսկ վերջիններս էլ ձևավորում են նպատակաուղղված գործունեություն։ Կամքի ներքին դրսևորումներն ամփոփված են զուտ հոգեկան երևույթի՝ կամածին ուշադրության մեջ։

3.Կամքը քննարկվում է՝ շաղկապվելով նպատակայնության, ազատության և անհրաժեշտության հիմնահարցերին։ Իդեալիզմը դիտարկում է կամքը՝ իբրև արտաքին ազդեցություններից ու հանգամանքներից անկախ և օբյեկտիվ անհրաժեշտության հետ չկապակցված հատկանիշ, որն արտահայտվում է մարդու գործողություններում ու արարքներում՝ որպես ազատության դրսևորում։ Ըստ մատերիալիզմի, կամային գործունեության սկզբնաղբյուրը միշտ էլ մնում է օբյեկտիվ աշխարհը, մարդու առարկայանական — պրակտիկ գործունեությունը, որն ուղղված է աշխարհի վերափոխմանը և հիմնված է բնության օբյեկտիվ օրենքների վրա։ Սուբյեկտի ներքին պայմանների (պահանջմունքներ,հետաքրքրություններ,ցանկություններ, գիտելիքներ և այլն) պրիզմայի միջով անդրադարձած օբյեկտիվ աշխարհը նրա համար հնարավորություն է ստեղծում տարբեր նպատակներ գոյացնել, որոշումներ կայացնել, վարվել այս կամ այն կերպ։ Մատերիալիզմի դրույթներում ազատ է ոչ թե կամքը, որն ընտրում է՝ առաջնորդվելով միայն սուբյեկտիվ ցանկություններով (վոլյունտարիզմ, էքզիստենցիալիզմ), այլ այն կամքը, որն ընտրում է՝ համապատասխանելով օբյեկտիվ անհրաժեշտությանը։

Կային փիլիսոփաներ (Դեմոկրիտ, Սպինոզա), որոնք ընդհանրապես ժխտում էին կամքի ազատությունը՝ բացարձականացնելով անհրաժեշտությունը և մերժելով պատահականությունը։ Իսկ որոշ փիլիսոփաներ (Շոպենհաուեր, Գարտման) դիտարկում էին կամքը՝ որպես կույր, ոչ բանական և չգիտակցվող ուժ, որն առկա է ոչ միայն շնչավոր արարածների, այլև ողջ բնության մեջ և ամբողջ գոյի մետաֆիզիկական հիմնավորումն ու սկիզբն է։ Կամքի այսպիսի բնութագիրը ընդհանրություններ ունի Կանտի «իրը՝ ինքն իր մեջ» հասկացության հետ։

Կեցության մետաֆիզիկական սկիզբը կամքին վերագրելը վոլյունտարիզմի հիմնական դրույթներից է։ Վոլյունտարիզմի հիմնադիրը Օուգստոս Երանելին էր, ով կամքը վեր էր դասում ինտելեկտից։ Վոլյունտարիզմը հետագայում զարգացրեցին Դունս Սկոտը և Վիլհելմ Օկկամը։ Այնուհետև նրանց հետնորդները դարձան Շոպենհաուերը և Վունդտը։ Հայ փիլիսոփայական մտքի սահմաններում նույնպես չի անտեսվել կամքի, մասնավորապես կամքի ազատության հիմնահարցը։ Տարբեր ժամանակների հայ առաջադիմական մտածողները ճակատագրի անվերապահությունն ընդգծող կամ մերժող հայացքներով այս կամ այն կերպ միշտ էլ անդրադարձել են մարդու կամքի ազատության հարցին։ Այդ մտածողների շրջանակներում կարելի է ընդգծել հետևյալ անունները՝ Մեսրոպ Մաշտոց, Կորյուն, Եզնիկ Կողբացի, Եղիշե, Փավստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, Մովսես Խորենացի, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Երզնկացի, Կոնստանդին Երզնկացի, Ֆրիկ, Նահապետ Քուչակ, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի, Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Ներսես Շնորհալի, Գրիգոր Տաթևացի, Մխիթար Հերացի, Սիմեոն Ջուղայացի, Ստեփանոս Լեհացի, Շահամիր Շահամիրյան, Ս. Բաղրամյան, Խաչատուր Աբովյան, Ն. Զորայան, Ս. Վիչենյան, Միքայել Նալբանդյան, Ս. Նազարյանց, Գ. Կոստանդյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Մ. Մամուրյան, Ե. Տեմիրճիպաշյան, Ն. Տաղավարյան, Րաֆֆի, Ե. Ֆրանգյան, Մ. Վարդանյան, Վ. Խորենի, Ս. Սպանդարյան, Ս. Շահումյան, Ս. Կասյան, Ա. Մյասնիկյան և այլք։

4.Կամքը իշխում է այն տեսությունը, ըստ որի անհատական կամքը քաղաքացիական իրավունքի սկզբնաղբույրն է։ Կամքն անհրաժեշտ տարրն է ցանկացած իրավաբանական գործարքի, որն ինքնին կամքի դրսևորում է և հանգեցնում է իրավաբանական այնպիսի հետևանքների, ինչպիսին ցանկացել են կողմերը և միայն այն պատճառով, որ նրանք դա կամեցել են։ Ուստի անվավեր է համարվում այն գործարքը, որն իրականացվել է բռնությամբ, խաբեությամբ կամ սխալմունքով, քանի որ այդպիսի գործարքը չի հանդիսանում մասնակիցների իրական, գիտակցված կամքի դրսևորում։ Քրեական իրավունքի ոլորտում կամքը ընդգրկում է գործունեության դրդապատճառները, գործիչի նպատակները և կատարված գործողություններից անհրաժեշտաբար կամ պատահաբար բխող հետևանքների կանխատեսումը։

Կատեգորիկ իմպերատիվ

Կատեգորիկ իմպերատիվ, Ի.Կանտի բարոյագիտության հիմնական հասկացությունը, որով նա հիմնավորում էր բարոյականության համընդհանրությունը և անհրաժեշտությունը։ Դա անվերապահ թելադրանք է, որը հանդես է գալիս որպես միակ և միասնական բարոյական սկզբունք, հավերժ և անփոփոխ բարոյական օրենք։ Կատեգորիկ իմպերատիվը չունի պատճառ-հետեանքային բովանդակություն, չի պարտադրվում մարդուն ոչնչով և ոչ մեկով (այդ թվում՝ աստծով), այլ ընդունվում է պարտքի դրդմամբ։ Դա պարտքի (պարտադրության) օրենք է, ձեական դրույթ, որին մարդ պետք է հետեի «բարի» կամքով (ազատ և ինքնուրույն), որպես «պարտքի» և ոչ թե բնական հակումով։ Կատեգորիկ իմպերատիվի սկզբունքն է՝ «վարվիր այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով, դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որպեսզի այն դառնա համընդհանուր օրենք»։ «Չարի» (զգայականի) և «բարու» (գերզգայականի), հակումների ու պարտքի բացարձակ հակադրումը Կանտին հանգեցնում է բարոյական հոռետեսության և արգելք է դառնում իր իսկ հռչակած մարդու ինքնարժեքության սկզբունքի (ըստ որի մարդը վերջնական նպատակ է, և ոչ միջոց) իրականացմանը։ Կատեգորիկ իմպերատիվը ապրիորի և ձեական բնույթ ունի։ Այն անտեսում է բարոյականության պատմականությունը և սոցիալ-տնտեսական (դասակարգային) պայմանավորվածությունը։

Կոլեկտիվիզմ

Կոլեկտիվիզմը սոցիալիստական և կոմունիստական հասարակական հարաբերությունների բնորոշ գիծ է, կոմունիստական բարոյականության սկզբունք, որը բացահայտում էր առանձին անհատի ու հասարակության, անձնավորության ու կոլեկտիվի փոխհարաբերությունները։ Հակադիր էր անհատապաշտությանը։ Կոլեկտիվի դրսևորումներն առկա են եղել նախնադարյան հասարակությունում։ Բուրժուական հասարակությունում կոլեկտիվը ձևավորվում էր կապիտալիզմի դեմ պրոլետարիատի համատեղ գործունեության ընթացքում։ Սոցիալիստական հասարակությունում կոլեկտիվը դառնում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում մարդկանց հարաբերությունների կարգավորման համընդհանուր սկզբունք, մարդու բարոյական վարքի կարևորագույն պահանջ։ Սոցիալիստական կոլեկտիվի սոցիալական հիմքը արտադրության միջոցների հանրային սեփականությունն էր և շահագործման վերացումը։ Կոլեկտիվը ենթադրում է հասարակության և անհատի այնպիսի հարաբերություններ, որի առկայությամբ հասարակության զարգացումը բարենպաստ պայմաններ է ստեղծում անհատի բազմակողմանի զարգացման համար, իսկ վերջինիս զարգացումը ամբողջ հասարակության առաջընթացի պայման է։ Կոլեկտիվի սկզբունքից բխող հիմնական պահանջներն են՝ ընկերական փոխօգնությունը, հասարակության հանդեպ պարտքի գիտակցումն ու կատարումը, հասարակական շահերի գիտակցական համակցումը անհատականին, կոլեկտիվի ու նրա որոշումների նկատմամբ հարգանքը։ Ամեն ոք պատասխանատու է ոչ միայն իր կյանքի և արարքների, այլև կոլեկտիվի, ուրեմն և ողջ հասարակության ճակատագրի համար։ ԽՍԿԿ ծրագիրը նպատակ էր դնում կյանքի բոլոր բնագավառներում կոլեկտիվիստական սկզբունքների հաստատումը։ Կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսի առանցքը կոլեկտիվի սկզբունքն էր։

Հաշվետվականություն

Հաշվետվականություն, ներկայացուցիչների պարտավորությունը՝ իրենց իրավունքների տնօրինման ու պարտականությունների կատարման մասին հաշվետու լինելու նրան, ում ներկայացնում են, գործելու՝ ըստ իրենց ուղղված քննադատության կամ իրենց ներկայացված պահանչների, և իրենց վրա վերցնելու որոշ պատասխանատվություն՝ ձախողման, անկարողության կամ խաբեության համար։ Այս կամ այն կերպ քվեարկելու համար օրենսդիր մարմնի անդամից կարող են հաշվետվություն պահանջել իր կուսակցության կողմից խորհրդարանում նշանակված մտրակ (whip) կոչվող խորհրդարանի կուսակազմակերպիչը, կուսակցության տեղական մարմինը և ընտրողները։ Նախարարները օրենսդրական մարմնի և ընտրողների առջև հաշվետու են նաև կառավարության որոշումների համար։ Բրիտանիայում նախատեսված է, որ նախարարները հետևեն երկու սկզբունքի՝ նախարարի պատասխանատվության և հավաքական պատասխանատվության։ Նախարարների հաշվետվականությունն ապահովելու հիմնական եղանակներն են խորհրդարանի քննարկումը և լրասփյուռով լուսաբանումը։ Կառավարության պաշտոնյաների հաշվետվականության չափը փոփոխվում է՝ կախված իրենց քաղաքականացվածության աստիճանից։ Օրինակ՝ ԱՄՆ-ում վարչակազմի պաշտոնյաները նշանակովի քաղաքական անձինք են, որոնք անձնական պատասխանատվություն են կրումիրենց գործողությունների համար։ Բրիտանիայում, սակայն, պետական ծառայողները անվանապես չեզոք են- և թեապետ նրանցից կարող են պահանջել, որ պատասխանեն հատուկ հանձնաժողովի հարցերին, իրենց գործողությունների համար պատասխանատվության են կանչվում միայն վատ կառավարման դեպքում։ Այլ դեպքերում համարվում է, որ նրանք գործում են նախարարների անունից. և, հետևավբար, գործողությունների համար նրանց հաշվետվականությունը րականացվում է նախարարի անհատական պատասխանատվության սկզբունքով։ Կարելի է փաստարկներ բերել, թե քաղաքական գործիչների և պաշտոնյաների չափազանց մեծ հաշվետվականությունը կարող է խոչընդոտել նրանց պարտականությունների կատարմանի և իրավունքների տնօրինմանը։ Բրիտանիայում, սակայն, ավելի հաճախ մտահոգություն է արտահայտվում, որ հաշվետվականությունը պատշաճ մակարդակկի չէ։ Գործնականում նախարարները սեփական գործողությունների համար չեն պահպանում նախարարական պատասխանատվության սկզբունքը։ Միաժամանակ, բարեփոխումները աղոտ են դարձրել պետական առայության ստորակարգային կառուցվածքը, որն ապահովում է նախարարական պատասխանատվության սկզբունքը։ Ընդհանուր առմամբ՛ բողոք կա, որ պակասում է հաշվետվականությունը կառավարության գործունեության հիմնական ոլորտներում, ինչպիսին է, օրինակ՝ անվտանգության ծառայությունը։ Մյուս կողմից՝ գրեթե կառավարական կազմակերպությունների տարածումը դրանց պաշտոնյաներին հնարավորություն է ընձեռում հանրության խորհրդարանին, իսկ խորհրդարանների՝ նախարարներին ուղղված հարցումները վերահասցեագրելու այդ կազմակերպությունների պաշտոնյաների:

Հեդոնիզմ

Հեդոնիզմ, բարոյագիտական սկզբունք, ըստ որի հաճույքին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է։ Հեդոնիստական բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը[1]։ Հեդոնիզմը ձևավորվել է Հին Հունաստանում (կիրենիկներ, Էպիկուր)։ Հետագայում հեդոնիզմի գաղափարները հետաքրքրություն են առաջացնում Վերածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաների շրջանակներում։ 18-րդ դարում ֆրանսիական մատերիալիստները հեդոնիզմի սկզբունքը գործածում են բանական էգոիզմի ուսմունքի հիմնավորման համար։ Հեդոնիզմը բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ։ Հեդոնիզմին անդրադարձ է կատարվում 20-րդ դարի բուրժուազիական հասարակագիտական տեսություններում (Մ. Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշներ)։

Հետերոնոմ բարոյագիտություն

Հետերոնոմ բարոյագիտություն (հուն.՝ etepog — այլ, ուրիշ և voos օրենք), բարոյագիտական տեսություն։ Ի տարբերություն ավտոնոմ բարոյագիտության, որը ժխտում է բարոյականության արտաքին դետերմինացիան և այն անմիջականորեն բխեցնում սուբյեկտի անհատական որակներից, հետերոնոմ բարոյագիտության բարոյականությունը պայմանավորվում է արտաքին հանգամանքներով ու հասարակական կյանքի այլ բնագավառներից վերցված սկզբունքներով։ Մարքսիստական բարոյագիտությունը, որը բարոյականության սոցիալ-պատմական պայմանավորվածության ըմբռնման դիրքերից մերժում է ավտոնոմ բարոյագիտությունը, միևնույն ժամանակ մերժում է նաև hետերոնոմ բարոյագիտությունը, քանի որ վերջինս գռեհկացնում է բարոյականության բնույթը, այն հանգեցնում սոցիալական այլ երևույթների։ Պատահական չէ, որ բուրժուիստական բարոյագիտական ուսմունքներումհեղոնիզմը, էվդեմոնիզմը, ուտիփտարիզմըհամարվում են hետերոնոմ բարոյագիտության տարատեսակներ։

Մեղք (կրոնական)

Մեղք, կրոնական պատվիրանների (Աստծո (Աստվածների) պատվիրաններ, կարգադրություններ, ավանդույթներ) ուղղակի կամ ոչ ուղղակի խախտումն է, դրանցից հեռանալը կամ դրանց կատարումից հրաժարվելն է։ Մեղքը անհատի կամքի գործողության հետևանք է, որը հանցանք է պարունակում և հատուցման է տանում։ Քրիստոնեական անթրոպոլոգիան և կոսմոլոգիան պնդում են, որ գոյության և անհատականության զարգացման բարոյական օրենքների խախտումը դրանց համար օնթոլոգիկ հետևանքներ է ունենում ՝ վնասի տեսքով, որոնք կարելի է համեմատել ֆիզիկական օրենքների խախտման հետևանքների հետ։ Մեղք հասկացությունը զղջման հետ միասին քրիստոնեական ավանդույթներում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մեղքը քրիստոնյաների համար ոչ միայն մեղսավորություն ու հանցանք է, այլև պատվիրաններով շարժվելուց հրաժարվելն է, ինչպես նաև բնությանը հակասող ինչ-որ երևույթ (քանզի մարդը ստեղծված է Աստծո պատկերով), մարդկային էության հանցավորությունը նրա անկյալ բնության դրսևորումն է։ Քրիստոնեության մեջ տարբերակում են երեք տեսակ մեղքեր։ Անձնական մեղք – խղճի և Աստծո պատվիրանների դեմ կատարված արարք Առաջնային մեղք – մարդկային բնույթի անկատարությունը, որը առաջացել էր նախահայրերի մեղքից Ցեղային մեղք – իր տիպի մեջ հատուկ/ ցեղի, ազգի և այլն/ ժառանգական ենթարկվածություն որևիցե կրքի, պայմանավորված սեփական նախնիի, որևէ հանցանքով։ Այս հասկացությունը առավել նոր է և ոչ այդքան ընդունված։ Մեղսավոր կարող են լինել գործը ու անգործությունը, խոսքը, միտքը, ցանկությունը և զգացմունքը։ Քրիստոնեության մեջ որպես մահացու մեղք է բնորոշվում այն գիտակցված և չապաշխարհված մեղքերը, որոնք մահվան են տանում մարդկային հոգին։ Ի հեճուկս լայն տարածված պատրանքի «Յոթ մահացու մեղքերը» հանդես չեն գալիս քրիստոնեության դոգմատիկ հավատի ուսուցման մասը / օրինակ ուղղափառ եկեղեցում դրանք բացակայում են, փոխարենը նրան հատուկ է «ութ կրքերի» կոնցեպցիան, որը տանում է մեղքին/, այն հանդիսանում է կաթոլիկ եկեղեցու մարդու մեղքերը դասակարգելու փորձ։ Նոր Կտակարանում միայն մեկ մեղք կա, որը չի ներվում, դա Աստծո բարեգթության և Սուրբ Հոգու գոյության բացահայտ մերժումն է։

Մետաէթիկա

Մետաէթիկա, նեոպազիտիվիզմի կողմից բարոյականության փիլիսոփայական տեսությունը նշանակելու համար ներմուծված հասկացություն՝ ի հակադրություն նորմատիվ բարոյականության, վերցրած բարոյական խնդիրներից վերացարկված տեսքով։ Մետաէթիկայի նորմատիվ բարոյականության հակադրումը նեոպոզիտիվիստների կողմից կապված է բարոյական դատողությունները գիտական եղանակով հիմնավորելու հնարավորության նրանց ժխտման հետ և միաժամանակ պայմանավորված էցանկացած բարոյական համոզմունքի և սկզբունքների նկատմամբ «չեզոք» բարոյականության փիլիսոփայություն ստեղծելու նրանց ձգտմամբ։ Մետաէթիկայի ոլորտը, նեոպազիտիվիստների տեսակետից, պետք է սահմանափակվի բարոյական լեզվի տրամաբանության վերլուծությամբ, բարոյական տերմինների և դատողությունների նշանակության պարզաբանմամբ։

Այս բոլոր մեթոդաբանական խնդիրները, որոնք իրոք մեծ նշանակություն ունեն բարոյագիտության համար ամբողջությամբ վերցրած, նեոպոզիտիվիստները ջանում են լուծել ձևական-տրամաբանական ճանապարհով, որից օգտվում է առօրեա բարոյագիտությունը։

Նախանձ

Նախանձ, բացասական դիրքորոշում ուրիշների հաջողությունների հանդեպ։

Այդ դիրքորոշումն ունեցող մարդը չի ցանկանում, որ ուրիշները բարվոք վիճակում գտնվեն։ Նախանձը անձի ֆրուստրացվածության արտահայտություն է և վկայում է այն մասին, որ նրա գործունեությունը բավարար չափով հաջող ընթացք չունի և հոգեվիճակն էլ տառապալից է։ Երբեմն նախանձը կարող է հանգեցնել ագրեսիվ գործողությունների։

Նպատակահարմարություն

Նպատակահարմարություն , նեղ իմաստով՝ մարդկային գործունեության ընթացքի համապատասխանությունը դրված նպատակին, որով բնութագրվում է գործունեության և ընդհանրապես հասարակական կյանքի գիտակցական բնույթը։ Որոշակի նմանության հիման վրա նպատակահարմարություն է կոչվում նաև կենդանի օրգանիզմների կառուցվածքի ու կենսագործունեության հարմարվողականությունը։ Լայն (կիբեռնետիկական) իմաստով նպատակահարմարություն է կոչվում ամեն մի ինքնակարգավորվող (բնական կամ արհեստական) համակարգի այնպիսի կառուցվածքը և նրանում տեղի ունեցող պրոցեսների այնպիսի ուղղվածությունը, որոնք ապահովում են համակարգի որոշակի վերջնական վիճակ։ Նպատակահարմարություն կենսաբանության մեջ օրգանիզմների և առանձին օրգանների հարմարվածությունն է գոյության պայմաններին և իրենց ֆունկցիաների կատարմանը։ Օրինակ, տարբեր ողնաշարավոր կենդանիների վերջավորությունները հարմարվել են պինդ կամ փխրուն հողի վրա շարժվելուն, ոստյունների, ծառեր մագլցելուն, լողալուն, զգայության օրգանները՝ լույսի (աչքեր), ձայնային տատանումների (լսողության օրգաններ), քիմիական նյութերի (հոտառության և համի օրգաններ) ընկալմանը, ատամների կառուցվածքը՝ սննդառության բնույթին են։ Նպատակահարմար հատկանիշներից են նաև պաշտպանական և զգուշացնող գունավորումը, օրգանիզմների փոխադարձ հարմարվածությունը (օրինակ՝ խաչաձև փոշոտումն ապահովող միջատների և բույսերի, մակաբույծի և տիրոջ կառուցվածքների առանձնահատկությունները)։ Տարբեր թելեոլոգիական ուսմունքեր, կենդանի բնության մեջ նպատակահարմարությունը բացարձակ համարելով, նպատակահարմարությունը դիտում էին որպես օրգանական աշխարհի նախասկզբնական հատկություն։

Պուրուշարտհա

Պուրուշարտհա (արտասանությունը / pʊrʊʃɑːrθ /, սանսկր.՝ पुरुषार्थ puruṣa-artha IAST բառացիորեն նշանակում է «մարդկայինի հետապնդման օբյեկտ») uկամ Չատուրարտհա (սանսկր.՝ caturartha IAST) — հինդուիզմում մարդկային կյանքի չորս նպատակներ։

Հինդուիզմում մարդկային կյանքի նպատակները, երջանկության ուղիները հետևյալ չորսն են ըստ կարևորության՝

1 դհարմա (dharma – dhar, «բռնել», «հաստատել»), բարոյականություն արդարակեցություն, ուղղամտություն

2 արտհա (artha — «էություն», «օգուտ»), նյութական բարգավաճում

3 կամա (kāma — «սեր»), զգայական բավականություն

4 մոկշա (muc — «ազատագրել»), ազատություն ծննդյան և մահվան շրջապտույտից (սանսարա)։

Տոկունություն

Տոկունություն, բարոյական հատկություն, որտեղ կոնկրետ դրսևորում են գտնում ինքնատիրապետման որոշակի գծերը: Այն ներառում է իր զգացմունք ները վերահսկելու մարդու կարողությունը, իր գործողությունները դրված նպատակին հասնելուն ենթարկելը` չնայած ծագած խնդիրներին ու չնախատեսված հանգամանքներին, դժվարություննները հաղթահարելու, իր մեջ նշված խնդիրներից հրաժարվելու փոքրոգի ցանկությունը ճնշելու ունակությունը, հավատարմությունը ընտրած իդեալներին ու սկզբունքներին: Հատկապես տոկունությունը մեծ նշանակություն ունի ղեկավարի համար, որը պետք է սթափ գնահատի իրավիճակը, կարողանա կուսակցության քաղաքական գիծը համբերատար բացատրելու ունակություն հանդես բերել, անհարկի չդիմել ծայրահեղ միջոցների, հասնել բոլորի կողմից այդ խնդիրների ըմբռնմանն ու գիտակցմանը:

Տրամվայի երկընտրանք

Տրամվայի երկընտրանք, մտային փորձ բարոյագիտության (հունարեն՝ Ηθική) մեջ։ Տրամվայի դիլեմայի ընդհանուր ձևակերպումը հետևյալն է. Երկաթուղային ճանապարհով անցնում է տրամվայը, որի առջևում կա 5 մարդ, որոնք կապված են ռելսերին և անկարող են շարժվել։ Դու կանգնած ես լծակի կողքին և հնարավորություն ունես փոխելու տրամվայի ուղղությունը, որի դեպքում այն կսպանի միայն 1 մարդու, որը նույնպես կապված է և չի կարող շարժվել։ Այս պարագայում դու ունես երկու ընտրություն.

1 Ոչինչ չանել, որի հետևանքով կմահանա հինգ մարդ

2 Փոխել տրամվայի ուղղությունը՝ սպանելով մեկ մարդ։

Այսպիսով, էթիկայի մեջ ո՞ր ընտրությունն է համարվում ավելի բարոյական[1]։

Երկընտրանքի խնդիրն առաջարկել է բրիտանացի փիլիսոփա Ֆիլիպա Ֆութը 1967 թվականին, սակայն այս խնդիրը շատ են վերլուծել նաև ուրիշ փիլիսոփաներ։ Բացի փիլիսոփայությունից՝ տրամվայի երկընտրանքով զբաղվում են նաև կոգնիտիվ գիտությունները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: