Հոգեկան երևույթների մեջ ուշադրությունը հատուկ տեղ է գրավում. դա ինքնուրույն հոգեկան գործնթաց չէ և անհատի հատկությունների թվին չի պատկանում: Միաժամանակ ուշադրությունը միշտ ներառվում է մարդու գործունեության և իմացական գործընթացների մեջ և արտահայտում է անձի հետաքրքրություններն ու ուղղվածությունը: Ուշադրությունը հանդես է գալիս որպես հոգեկան գործունեության մի բնագավառ՝ այն գիտելիքների, հատկությունների ձեռք բերման և մարդու գործունեության արդյունավետության ապահովման անհրաժեշտ նախադրյալն է:
Ուշադրության առաջացման համար անհրաժեշտ է առանձնացնել օբյեկտը, կենտրոնանալ նրա վրա և վերանալ այլ գռգռիչներից: Ուշադրության օբյեկտը կարող է լինել ինչպես արտաքին աշխարհի առարկան, որին ուղղված է մարդու իմացական գործունեությունը, այնպես էլ իր ներաշխարհը, երբ մարդը խորասուզված է իր մտքերի, ապրումների մեջ կամ վերլուծում է ինչպես իր, այնպես էլ ուրիշների վարքն ու գործողությունները:
Ուշադրությունը՝ մարդու հոգեկան գործունեության ուղղվածությունն է դեպի որոշակի առարկաները կամ երևույթները:
Ուշադրության տեսակները
▪ արտաքին. մարդու հոգեկան գործունեությունը ուղղված է դեպի արտաքին աշխարհը
▪ ներքին. մարդու հոգեկան գործունեությունը ուղղված է դեպի իր ներաշխարհը
▪ ոչ կամածին. մարդը ինքնաբերաբար, իր կամքից անկախ ուշադրություն է դարձնում որևէ երևույթի վրա
▪ կամածին. մարդը կամքի լարումով իր հոգեկան գործունեությունն է ուղղում որևէ առարկայի կամ երևույթի վրա
▪ հետկամածին. ծնվում է որպես կամածին ուշադրություն և ապա, հետաքրքրության առաջացման շնորհիվ, դառնում ոչ կամածին:
Ուշադրության հիմնական առանձնահատկությունները
▪ կենտրոնացում. արտահայտում է ուշադրության կենտրոնացվածության աստիճանը տվյալ օբյեկտի վրա
▪ ծավալ. արտահայտում է առարկաների, օբյեկտների այն քանակը որոնք միաժամանակ կարող են ընդգրկված լինել ուշադրության ոլորտում և ընկալվել
▪ տեղափոխելիություն. մարդը գիտակցաբար իր ուշադրությունը մի օբյեկտից տեղափոխում է մեկ այլ օբյեկտի վրա
▪ բաշխում. միաժամանակ մի քանի օբյեկտներ ուշադրության ոլորտում պահելու և մի քանի գործ կատարելու հնարավորությունը
▪ կայունություն. արտահայտում է օբյեկտի վրա ուշադրության կենտրոնացվածության տևականությունը
▪ ցրվածություն. ուշադրությունը տևականորեն որևէ օբյեկտի վրա կենտրոնացնելու անկարողությունը: