Բագրատունիների թագավորություն

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։

11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք:

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։

Բագրատունիների ծագումնաբանությունը ունի պարզաբանման մի քանի տարբերակ։ Դրանցից առավել տարածված են անվան ծագումը հնդեվրոպական-արիական բագ (bag) արմատից, Բագրևանդ գավառի անվան, կամ ազգությամբ հրեա Շամբատի տոհմի անվան հետ։Հելլենիստական շրջանում՝ Արտաշեսյանների ու Արշակունիների օրոք, Բագրատունիները կարևոր տեղ են զբաղեցրել թագավորի արքունիքումզ։ Ավատատիրական կարգերի հաստատումից հետո նրանք հայտնվում են զորանամակում և գահնամակում՝ հիշատակվելով երկրորդը Սյունյաց նախարարությունից հետո։

Քրիստոնեության ընդունումից հետո՝ մինչև Արշակունիների թագավորության անկումը (301-428), Բագրատունիներին է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը։ Նրանց ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր։ Հայկական մարզպանության օրոք (428-642) Բագրատունիները աստիճանաբար ընդարձակել են իրենց տիրույթները, Տայք նահանգի սահմաններից անցնելով Այրարատ։

Հայոց պետականության վերականգնում

850-855 թվականների հակաարաբական մեծ ապստամբությունից հետո Բաղդադի խալիֆ Ջաֆար իբն Մուհամմադ ալ-Մութավաքքիլը հաշտվում է քրիստոնյաների ինքնուրույնության հետ և կառավարիչ նշանակում ապստամբության ղեկավար Աշոտ Բագրատունուն։ 862 թվականին վերջինս դառնում է նաև իշխանաց իշխան և ռազմաքաղաքական իշխանությունից զատ տնօրինում նաև երկրի հարկային համակարգը ու տնտեսական կյանքը։ Համախմբելով Արծրունիների, Սյունիների և վրաց Բագրատունիների իշխանական տները՝ Աշոտ Բագրատունին քայլ առ քայլ գնաց դեպի անկախություն։ 869 թվականին հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, ում նստավայրը կուսակալության կենտրոն Դվին քաղաքն էր, գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր։ 876 թվականին Կոստանդնուպոլսում գահ բարձրացած հայազգի Վասիլ կայսրը նույնպես օժանդակում է հայոց պետականության վերականգնմանը։ 885 թվականին` մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր։

Հայոց արքան քայլեր ձեռնարկեց հայկական տարածքներն իր իշխանության ներքո միավորելու համար։ Նա ճնշեց Վանանդի իշխանների ելույթը և Վանանդ գավառը Կարս բերդաքաղաքով միացրեց իր տիրույթներին` այն դարձնելով հայոց սպարապետների աթոռանիստը։ Վասպուրականի Արծրունի և Սյունիքի Սյունի իշխանական տների հետ հաստատելով բարեկամական կապեր` Աշոտ Ա-ն նրանց ևս ենթարկեց իր իշխանությանը։ Գուգարքի, Արցախի և այլ նահանգների տարածքում գոյություն ունեցող հայկական առավել փոքր իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի հարավի արաբական ամիրայությունները նույնպես ընդունեցին Աշոտի գերագահությունը։ Աշոտ Մեծը ճակատամարտում պարտության մատնեց կովկասյան լեռնականներին, որոնք ասպատակում էին Վիրքը և Աղվանքը։ Հայոց թագավորի գերիշխանության ու ազդեցության տակ հայտնվեց նախկին Արմինիա կուսակալության ամբողջ տարածքը։ Դվինում նստող ոստիկանի իշխանությունը դարձավ ձևական ու սահմափակվեց Արարատյան դաշտի մի մասով։ Աշոտ Բագրատունուն հաջորդեց որդին` Սմբատ Ա-ն (890-914)։ Նա իրեն ենթարկեց Աբխազաց (Արևմտավրացական) թագավորությունը և կայազորներ հաստատեց Ալանաց դռներում։ Սմբատը թագավորական թագ տվեց վրաց Ատրներսեհ (Ադառնասե) իշխանին և Հայոց Արևելից կողմերի Համամ իշխանին, իսկ իրեն հռչակեց «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց»։ Արտաքին քաղաքականությունը իրականացնելու և միջազգային հարաբերությունների ոլորտում հավասարակշռության հասնելու նպատակով 893 թվականին բարեկամության և առևտրական նոր պայմանագիր կնքեց Բյուզանդիայի կայսր Լևոն Իմաստասերի հետ։ Արդյունքում Ատրպատականի Սաջյան ամիրա Աֆշինի զորքերը ներխուժեցին Հայաստան։ Արագածոտն գավառի Դողս գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։

9-րդ դարի սկզբին Վասպուրականի և Սյունիքի իշխանների միջև վեճ առաջացավ Նախճավան քաղաքի համար։ Հայոց արքան վեճը լուծեց հօգուտ Սյունիների։ Սմբատից դժգոհ Գագիկ Արծրունին բանակցություններ սկսեց Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի հետ։ Վերջինս միջնորդեց խալիֆի առաջ՝ Սմբատի փոխարեն հայոց թագավոր ճանաչելու Գագիկ Արծրունուն։ Խալիֆի ուղարկած թագով 908 թվականին Յուսուֆը նրան թագադրեց որպես հայոց արքա` նրան վերապահելով նաև Հայաստանից հարկեր հավաքելու իրավունքը։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հետ համատեղ հարձակվեց Սմբատի զորքերի վրա։ Նրանց միացան նաև այլ հայ իշխաններ։ Բյուզանդական կայսեր մահից հետո (912) Սմբատ Ա-ն մնաց առանց դաշնակիցների։ Արքան փոքր զորագնդով ամրացավ Կապույտ բերդում և մեկ տարվա դիմադրությունից հետո անձնատուր եղավ։ Յուսուֆը հայոց թագավորին կալանավորեց և ուղարկեց Դվինի բանտ, անյտեղից` Նախճավանի Երնջակ բերդ` ամրոցի պաշտպաններին զենքը վայր դնելու հրաման արձակելու համար։ Սմբատը բերդապահներին դիմադրությունը շարունակելու կոչ արեց, ինչի արդյունքում ենթարկվեց մահապատժի (914)։ Արաբները թագավորի մարմինը Դվինում խաչի վրա գամեցին։ Անկախության պահպամնան համար համաշողովրդական պայքարը պայքարը գլխավորեց Սմբատ Ա-ի ավագ որդի Աշոտ Բ-ն (914-928), ում ժողովուրդը խիզախության և տոկունության համար «Երկաթ» մականունը տվեց։

Աշոտ Երկաթը ոչնչացրեց կամ դուրս վռնդեց երկրի կարևոր բերդերում ամրացած արաբական զորագնդերը։ Հայ իշխաններն աստիճանաբար համախմբվեցին Աշոտ Երկաթի շուրջը։ 921 թվականին Աշոտ Բ-ն իր փոքրաթիվ զորաջոկատով ամրացավ Սևանա կղզում։

Արաբական զորքերի հրամանատար Բեշիրը զորքեր կուտակեց Սևանա լճի ափին, փորձեց գրավել կղզին։ Սևանի ճակատամարտում արաբները պարտություն կրեցին։ Այս իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում։ Սևանի հաղթանակից հետո հայկական զորաբանակները Աշոտ Բ-ի և նրա եղբայր Աբաս սպարապետի գլխավորությամբ արաբներից ազատագրեցին կենտրոնական Հայաստանի մեծ մասը։ Այնուհետև նրանք հաղթանակ տարան նաև Թիֆլիսի արաբական ամիրայության նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Նիկողայոս պատրիարքը նամակ գրեց հայոց Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսին, որից հետո Աշոտ Բ-ն մեկնեց Կոստանդնուպոլիս և դաշինք կնքեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ 922 թվականին խալիֆը Աշոտ Բ-ին թագ ուղարկեց և ճանաչեց նրան Հայաստանի շահնշահ, այսինքն՝ արքայից արքա։

Բագրատունիների գերագահությունն ընդունեցին ոչ միայն արաբ ամիրաները, այլև կենտրոնախույս հայ իշխանները, այդ թվում` Գագիկ Արծրունին, ով բավարարվեց Վասպուրականի թագավոր տիտղոսով։ Հայոց թագավորները, որ շարունակում էին կրել «Տիեզերակալ, թագավոր Հայոց և Վրաց» տիտղոսը, շարունակեցին պահպանել իրենց իշխանության ներքո այսրկովկասյան երկրները մինչև հայոց Գագիկ Ա թագավորի գահակալության վերջը։

Բագրատունյաց տերության անկում

Աշոտ Ողորմած և Սմբատ Տիեզերակալ շահնշահերի օրոք առաջացած թագավորություններն ու իշխանությունները զգալիորեն թուլացրին կենտրոնաձիգ պետության հիմքերը։ Թեև Սմբատի եղբայր Գագիկ Ա շահնշահի թագավորության շրջանում (990-1020) հայոց պետականությունն ապրեց իր վերելքը, Բագրատունիների թագավորությունը զարգացման հեռանկարներ չուներ։ «Թագավոր հայոց և վրաց» տիտղոսը կրող Գագիկ արքային ենթարկվում էին Հայկական լեռնաշխարհի տարբեր ծայրամասերում և այսրկովկասյան երկրներում առաջացած ավատատիրական միավորները։ Բագրատունյաց թագավորների հավանությամբ էր ընտրվում նաև հայոց կաթողիկոսը, ում նստավայրը տեղափոխվել էր քաղաքամայր Անի։

998 թվականին արաբ ամիրա Մամլանը արշավեց Բագրատունիների թագավորության վրա։ Դրանից 11 տարի առաջ կործանված Դվինի ամիրայությունից հետո սա արաբների առաջին հարձակումն էր։ Արաբական զորքերի դեմ դուրս եկավ ոչ միայն Գագիկ շահնշահի զորքը, այլև` նրա հրամանատարության ներքո, Կարսի ու Տաշիր-Ձորագետի Բագրատունիների, Վրաց Բագրատիոնիների, Արծրունիների ու Սյունիների բանակները։ Սա արաբների վերջին արշավանքն էր Հայաստան, որն ավարտվեց իրենց պարտությամբ։ 1040 թվականին մահանում է Աշոտը, իսկ մեկ տարի անց` Հովհաննես-Սմբատը։ Գահ է բարձրանում Աշոտի որդի տասնութամյա Գագիկ Բ-ն (1042-1045)։ Նրա գահակալությունը օրինական չճանաչելով` Բյուզանդիայի Բարսեղ II կայսրը ցանկություն է հայտնում կտակով նախատեսված ժառանգությունը ստանալու։ Բյուզանդական զորքերը մի քանի անգամ հարձակվում են Հայաստանի վրա։ Իրադրությունը փոխվում է այն ժամանակ, երբ արքունիքում ազդեցիկ են դառնում բյուզանդամետ ուժերը, առաջին հերթին` Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Վեստ Սարգիս իշխանը։ 1045 Անիի դարպասները բացվում են. մայրաքաղաքի անկումից հետո թագավորը գերեվարվում է, և պատմական հայրենիքում հայոց պետականությունը կործանվում է` վերականգնվելով մոտ մեկ հազարամյակ անց։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: