Կիլիկիայի Հայկական Պետությունը

Անիի Բագրատունյաց թագավորու­թյան անկումից (1045) մի քանի տասնա­մյակ անց հայ ժողովուրդը նոր պետակա­նություն է կերտել Փոքր Ասիայի հարավ-արևելքում’ Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան մեր­ձափնյա երկրամասում’ Կիլիկիայում: Պե­տությունն ապրել է զարգացման երկու փուլ’ Մեծ իշխանապետության (1080-1198) և թագավորության (1198-1375):

Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավարևելյան մասում։ Նրա հարավում Միջերկրական ծովն է, հյուսիսում՝ Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթան։ Նրա կենտրոնական մասով հոսում են Սարոս (այժմ՝ Սեյհան), Ջեյհան և այլ գետեր, որոնք սկիզբ են առնում Հայկական լեռնաշխարհից։ Կիլիկիան անմիջապես հարևան է պատմական Հայաստանի գավառներին՝ սահմանակցում է Փոքր Հայքին։ Բնակլիմայական պայմաններով բաժանվում է երեք խոշոր հատվածների՝ Լեռնային Կիլիկիա, Դաշտային Կիլիկիա և Բլրոտ Կիլիկիա։

«Կիլիկիա» անվանումն առաջին անգամ հանդիպում է աքքադական արձանագրություններում՝ Hilakku ձևով։ Ոմանք ենթադրում են, որ «Կիլիկիա» անվանումն առաջացել է եբրայերեն ֆելկիմ, ֆաչեկ կամ հունարեն կալիս, կալիկա ― «քարքարոտ» բառերից։ Հայերի մոտ Կիլիկիան հայտնի է եղել Սիսուան անունով:

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի հիմնական բնակիչները հայերն էին, ասորիները, հրեաները և հույները: X դ-ում Կիլիկիայում հայ բնակչու­թյունն այնքան է ստվարացել, որ Հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973-992) այնտեղ ստեղծել է հայկական նոր եպիսկոպոսություններ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուգանդական կայսրությունը Մանազկերտի ճակատամարտում (1071) պարտություն է կրել սելջուկ թուրքերից: 1042-80-ին Դաշտային Կիլիկիայի կառա­վարիչը կայսրության նշանակած Վասպուրականի իշխաններից Ապլղարիպ Արծրունին էր: XI դ-ի 2-րդ կեսին Լամբրոն բերդաքաղաքին ու շրջակա տարածքին տիրել է Ապլղարիպի փեսան’ գանձակեցի իշխան Օշինը, Պապեռոն բերդաքաղա­քին ու շրջակայքին’ Նաթանայելյանները (Նատալինյաններ), Քարուտ Կիլիկիային’ իշխան Խաչատուրը, Կիլիկիայի արևեյան շրջաններին’ Փիլարտոս Վարաժնունին: Վերջինիս իշխանության փլատակների վրա ձևավորվել է Գող Վասիլի (Կամսարականների իշխանատոհմից) իշխանու­թյունը (գոյատևել է մինչև 1112-ը): Են­թադրվում է, որ «Գող» մականունը նա ստացել է ռազմական հաջող գործողություննե­րում խորամանկության համար: XII դ. սկզբին հայկական իշխանություններից շատերը կործանվել են խաչակիր ասպետների ձեռքով:

Ռուբինյանների իշխանապետությունը

Կիլիկիայում ստեղծված հայկական վարչական միավորներից ամենակենսունակը Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի գինակից Ռուբեն իշխանի (ըստ սկզբնաղբյուրների’ Բագրատունի կամ Արծրունի) հիմևադրած իշխանապետու­թյունն էր, որը նրա անունով կոչվել է Ռուբինյանների իշխանապետություն: Ռուբեն Ա-ն (1080-95), տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ (Կոսիտառ) ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բեր­ դերին, թոթափել է (1080) Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնել անկախ ու ընդարձակ իշխանություն:

Ռուբենի ավագ որդին’ Կոստանդին Ա-ն (1095- 1100), սելջուկ թուրքերից և բյուզանդա- ցիներից ազատագրել է մի շարք հայա­բնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098-ին գրավել է Լեռնային Կիլիկիայի գլխ. ամրոցներից Վահկա բերդը և դարձրել իշխանության կենտրոնը:

Շարունակելով հոր քաղաքականու­թյունը’ Թորոս Ա-ն (1100-29) 1104-ին պարտության է մատնել բյուզ. զորքերին, ազատագրել Սիս և Անարզաբա քաղաք­ները, միավորել Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107-ին Թորոս Ա-ն Գող Վասիլի օգնությամբ Բերդուսի մոտ ջախջախել է Կիլիկիա ներխուժած սել­ջուկներին: Բյուզանդական կայսր Ալեքսիոսը ճա­նաչել է Թորոս Ա-ի իշխանությունը’ նրան մեծարելով «Առաջին Սեբաստոս» տիտ­ղոսով: Անարզաբա քաղաքում Թորոս Ա-ն հիմնել է ապարանքներ, Սիս քաղաքի մոտ’ Դրազարկի և Մաշկևորի հռչակա­վոր վանքերը, որոնք վերածվել են գրչու­թյան և ուսումնագիտ. կենտրոնների: Դրազարկը դարձել է նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:

Թորոս Ա-ի եղբայրը’ Լևոն Ա-ն (1129- 1137), օգտվելով սելջուկ թուրքերի ու խաչակիրների թշնամական հարաբերու­թյուններից, գահակալման սկզբին ջախ­ջախել է նրանց և անխախտ պահել երկրի սահմանները: 1132-ին բյուզանդական տիրա­պետությունից ազատագրել է Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135- 1136-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, ազատագրել է Կիլիկիայի հարավ-արևելյան հա­յաբնակ շրջանները:

1137-ին բյուզանդական Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժել է Կիլիկիա: Ամրանալով Անազարբա բերդում Լևոն Ա ավելի քան 35 օր հերոսաբար դիմարդել է թշնամուն՝ նրան պատճառելով զգալի վնաս: Նա ճեղքել է հակառակորդի պաշարման շղթան և դուրս եկել Անազարբայից, սակայն շուտով նոր շրջապատման մեջ ընկնելով՝ անձնատուր է եղել և ընտանիքի հետ գերվել: Թշնամուն դիմակայել է նաև Վահկա ամրոցը՝ Կոստանտին զորավարի գլխավորությամբ:

1143-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145-69) կարողացել է փախչել գերությունից (հայրը մահացել էր Կ. Պոլսի բան­տում) և եղբայրների’ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժե­րը’ ազատագրել  երկիրը բյուզանդացի և սելջուկ զավթիչներից, վերականգնել 1137-ից ընդհատված հայկական պետականությունը: 1152-ին վերստին Կիլիկիա են ներ­խուժել բյուզանդական զորքերը’ Անդրոնիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկ. բանակը հանկարծակի գրոհով ջախջախել է թշնամուն: Լքելով բանակը’ Անդրոնիկոսն ապաստանել է Անտիոքի դքսի մոտ: Բյուգ. զորքերի հետագա արշավանքները ձախողվել են, և կայսրը ստիպված Թորոս Բ-ին պատվել է Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և7 հաշտություն կնքել նրա հետ: Իշխանապետության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահել է 30-հազարանոց բանակ, վարել հայկ. հողե­րի միավորման և պետականության ամ­րապնդման հետևողական քաղաքակա­նություն:

Թորոս Բ-ի որդուց’ Ռուբեն Բ-ից (1169-70) հետո իշխանությունն անցել է նրա հորեղբորը’ Մլեհին (1170-75), որը բյուզանդացիներից և խաչակիրներից վերջնականապես ազատագրել է երկրի ծովեզրյա շրջանները, Տարսոն, Ադանա, Պոմպեոպոլիս քաղաքները: 1173-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխել է Սիս (Փլավիոպոլիս), որը դարձել է քաղաքական, պետական և մշակութային գլխավոր կենտրոն: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդել է նրա եղբոր’ Ստեփանեի ավագ որդին’ Ռուբեն Գ իշխանը (1175-87): Վերջինիս գահակից եղբայրը և բանակի գլխավոր հրամանատարը’ Լևոնը, 1180-ական թթ-ին օտար տարրերից մաքրել է Ալեքսանդրետից մինչև Սելևկիա ձգվող ծովեզերքը’ հաղթական ավարտի հասցնելով Բյուզանդիայի դեմ հայոց շուրջ մեկդարյա պայքարը:

  Ռուբեն Գ-ն, հնազանդեցնելով անջատամետ որոշ իշխանների, 1182-ին պաշարել է Լամբրոնը’ Հեթումյան հզոր իշխա­նության կենտրոնը, սակայն գրավել չի կարողացել: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն են խնդրել Անտիոքի դուքս Բոհեմուդից: Վեր­ջինս 1185-ին Ռուբեն Գ-ին խաբեությամբ հրավիրել է Անտիոք և ձերբակալել: Փրկագին վճարելով՝ Ռուբեն Գ-ն ազատ­վել է (1187) և կամովին գահը հանձնել է եղբորը’ Լևոնին, որին Սմբատ Սպարա­պետը բնութագրել է որպես «այր իմաս­տուն եւ հանճարեղ, ձիավարժ հմուտ եւ ի զինուորութիւնս քաջասիրտ…»:

Լևոն Բ-ն 1187-ին ջախջախել է Իկոնիայի, ապա’ Հալեպի և Դամասկոսի սուլթանությունների զորքերին: Պատրաստվելով դիմագրավել եգիպտական սուլթան Սալահ ադ-Դինինին, 1193-ին նրան դաշնակցող Անտիոքի դքսությունից գրավել է (ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Պաղրաս և Դարպսակ բերդերը: Անդիոքի դուքս Բոհեմունդ III Կակազի (1173-1205) սադրանքով Սալահ ադ-Դինը նույն թվականին խոշոր բանակով շարժվել է Կիլիկիա, բայց սահմանամերձ Սև գետի մոտակայքում, մարտի 4-ին հանկարծամահ է եղել: 1194-ին Լևոն Ա Անտիոքի դքսին հարկադրել է ճանաչել իր ավագությունը, վեըադարձնել սահմա­նամերձ (Ջահան գետից մինչև Կասսան բերդը) հայաբնակ տարածքը և «Դրունք Ասորվոց» կարևոր ռազմական հանգույցը: Հաշտության պայմանագիրն ամրա­պնդվել է դքսի գահաժառանգ որդու’ Ռայմոնդի և Լևոն Բ-ի եղբոր 14-ամյա դուստր Ալիսի (Ալիծ) ամուսնությամբ: Ռայմոնդը դաստիարակվել է Հայոց արքունիքում’ պայմանով, որ նրա մահից հետո Անտիոքի գահն անցնի Ալիսից ծնված որդուն: Լևոն Բ Մեծագործի իշխանապետու­թյան տարիներին (1187-98) հզորացել է պետությունը, բարձրացել նրա միջազգային հեղինակությունը, ստեղծվել են թագա­վորություն հիմնելու նախադրյալներ:

Կիլիկիայի թագավորությունը

1196 – ին Գերմանիայի Հայնրիխ VI կայսրը կազմակերպել է խաչակրաց նոր արշա­վանք և իր զորքերի առաջնորդ Լյուբեկը Կոնրադ արքեպիսկոպոս Ծիրանավորին հանձնարարել է Լևոն Բ-ին օծել Հայոց թագա­վոր: Նույն թվականին Լևոն Բ-ի թագը ճանաչել է նաև Բյուզանդիայի Ալեքսիոս III Անգելոս կայսրը: Հռոմի պապը նույն­պես ճանաչել է նրան Կիլիկիայի թագա­վոր: Լևոն Բ-ն թագադրվել է 1198-ի հունվարի 6-ին’ Սբ Ծննդյան օրը’ Տարսոն քաղաքի Սբ Սոփիա Մայր տաճարում: Օծել է Ամենայն հայոց կաթողիկոս Գրի­գոր Ձ Ապիրատը (1194-1203): Լևոն Բ-ին կոչել են «Թագաւոր ամենայն Հայոց, եւ նահանգին Կիլիկէացոց եւ հսաւռիոյ»: Պատմագիրները նրա թագադրությունը գնահատել են որպես քաղ. մեծագույն իրադարձություն’ Հայոց կործանված թագավորության վերականգնում:

Լևոն Բ պատժել և հնազանդեցրել է արքունիքին ներհակ. Կիսանկախ ու անջատամետ ավատատեր իշխաններին ու հոգևորականներին: Նա խնամիական կապեր է հաստատել մի շարք քրիստոնյա պետությունների՝ Նիկեայի կայսրության, Երուսաղեմի թագավորության, Կիպրոսի, Հունգարիայի արքայատների հետ: Հատկապես հետևողական պայքար է ծավալել Անտիոքի ժառանգության համար: Լևոն Բ-ն արու զավակ չունենալով’ Անտիոքի դուքս Ռայմոնդի (մահացել է 1198/1199-ին) նորածին որդուն’ Անտիոքի գահաժառանգ Ռուբեն-Ռայմոնդին, որդեգրել և հռչակել է նաև Հայոց թագաժա­ռանգ: Այդ քայլով Լևոն Բ-ն փորձել է Ան­տիոքի դքսությունը, որտեղ հայերն զգա­լի տոկոս են կազմել, նույնպես միացնել Կիլիկիայի թագավորությանը: 1201-ի Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլիի դուքս Բոհեմուդ IV Միակնանին, մերժելով Ռուբեն-Ռայմոնդի իրավունքը՝ Տաճարական օրդենի ասպետների և Հալեպի ամիրայության զինակցությամբ խլել է Անտիոքի գահը: 1203-ին  տապալելով Բոհեմուդին, Լևոն Բ-ն պատանի Ռուբեն-Ռայմոնդին բազմեցրել է դքսության գահին, Ալիսին կարգել խնամակալուհի: Այդ առթիվ Լևոն Բ-ի անունով Անտիոքում հատվել է արծաթե լատինագիր շքադրամ:Ռայմոնդի գահը 1210-ին ճանաչել են Գերմանիայի կայսրը և Հռոմի պապը:

1209-ին և 1211-ին Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիսի դաշնակցությամբ հայկական բանակը ջախջախել է սպառնացող Իկոնիայի սուլթանության զորքերին և հասել մինչև Կեսարիա: Լևոն Բ-ն զորքերն այնտեղից դուրս է բե­րել խոշոր ռազմատուգանք ստանալուց և սուլթանի հետ հաշտության շահավետ պայմանագիր ստորագրելուց հետո: Սակայն Իկոնիայի թուրքերը 1216-ի հունվարին, խախտելով հաշտության պայմանագիրը, ներխուժել են Կիլիկիա և պաշարել սահմանային Կապան բեր­դը: Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը, Շողականի դաշտում տե­ղի ունեցած ճակատամարտում ժամա­նակին օժանդակություն չստանալով, շրջապատվել է և մի շարք զորականնե­րի հետ գերի ընկել: Սակայն շուտով հայկական բանակը թշնամուն դուրս է շպրտել երկրի սահմաններից: 1219-ին Լևոն Բ-ն, զիջելով Լուլուա և Լավզատ ամրոցները, փրկագնել է Կոստանդին գունդստաբլին և մյուս հայ իշխաններին:

1219-ի սկզբին ֆրանկները Գիյոմ դը Ֆարաբելի գլխա­վորությամբ դավադրաբար գրավել են Անտիոքը և Ռուբեն-Ռայմոնդին մատնել փախուստի: Իր հովանավորյալի անկա­յուն և թուլակամ վարքից հիսաթափ­ված’ Լևոն Բ-ն նրան ղրկել է Հայոց գա­հի իրավունքից և թագաժառանգ հռչակել իր մանկահասակ դստերը՝ Զաբելին , որի մայրը Կիպրոսի թագավոր Ամորի Լուսինյանի դուստրն էր:

Լևոն Բ-ի օրոք Կիլիկիայի հայկական թա­գավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկ­րական ծովեզերքից մինչև Տավրոսի և Անւոիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիա յից բացի’ Հայոց թագավորության մեջ են մտել Պամփյուլիան, Իսավրիան, Լիկաոնիան, Կադառնիան ու Գերմանիկեն: Երկրի սահմանները հսկելու և պաշտպանելու համար վերաշինվել են հին բերդերը, կառուցվել նոր ամրություններ ու հսկիչ դիտանոցներ, հզորացվել է հա­յոց բանակը, հաստատվել է ռազմական ու­սուցման որոշակի կարգ ու կանոն: Տնտեսական կյանքը խթանելու համար բարեկարգվել են քաղաքները, բանուկ ճանապարհնե­րը, առևտրական արտոնյալ պայմանագրեր են կնքվել (1201, 1212) Վենետիկի, Ջենովայի, Պիզայի և վաճառաշահ այլ քա­ղաքների ու երկրների հետ, կազմա­կերպվել է առևտր. նավատորմիղ, հատ­վել են արծաթե և ոսկե դրամներ: Լևոն Բ-ի հրամանով նորոգվել են հին վանքե­րը, կառուցվել նորերը (Ակների, Գայլու ևն) և նրանց կից բացվել վարժարաններ, դպրատներ (ուսուցումը’ հայոց և օտար լեզուներով): Լևոն Բ-ն իր արքունիքում արտոնյալ պայմաններ է ստեղծել գիտ­նականների ու արվեստագետների համար: Նրա օրոք ընդօրինակվել և կորստից փրկվել են բազմաթիվ հին ձեռա­գրեր, հայերեն են թարգմանվել գիտական և գրական արժեքավոր երկեր:

Լևոն Մեծագործի մահվանից հետո Զաբելի ամուսնությունը և թագաժառան­գությունն արքունիքի համար դարձել են քաղաքական խնդիր: Հայոց արքան պետության խնամակալներ էր կարգել Կոստանդին գունդստաբլին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Ձ Ասեցի կաթողիկոսին: Օգտվելով պատեհ իրադրությունից’ Ռուբեն-Ռայմոնդը փորձել է գրավել գահը, բայց Կոստանդինը պարտության է մատնել նրան և բանտարկել Տարսոնում: 1222-ին Ձաբելին (թագուհի’ մինչև 1252-ը) ամուսնացրել են Անւոիոքի դուքս Բոհեմուդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը’ պայմանով, որ պահպա­նի հայոց հավատն ու սովորույթները, հարգի հայ իշխանների իրավունքները: Սակայն Ֆիլիպը, հոր սադրանքով, չի կա­տարել խոստումը, որի համար Կոստան­ դինը 1225-ին ձերբակալել և մահապատ­ժի է ենթարկել նրան:

 Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը, 1226-ին ավելի քան 60 իշխանների հետ խորհրդակցելով, որոշել է իր 13-ամյա որ­դի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Կիլիկիայի հայոց թագավոր: Դրանով ավարտվել է նաև Ռուբինյաննե րի և Հեթումյան-Օշինյան տոհմերի տևա­կան մրցակցությունը: Մինչև որդու չա­փահաս դառնալը ինքը եղել է նրա խնա­մակալը (պայլ) և վարել երկրի գործերը:

Հեթում Ա-ն (1226-69) դարձել է նոր’ Հեթումյանների արքայատոհմի հիմնադիրը: Նրա ավագ եղբայր Սմբատը նշա­նակվել է սպարապետ (գունդստաբլ) և Կիլիկիայի հայոց բանակը ղեկավարել շուրջ 50 տարի, Օշինը՝ պայլ, Բարսեղը՝ Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր: Հեթումյանների ամրոց Լամբրոնը հանձնվել է Հեթում Ա-ի քեռուն՝ Կոստանտին իշխանին, որը վարել է թգադրության գործակալությունը:

Խեթում Ա-ի գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները, պարտության մատնելով հկոնիայի սուլ­թանությանը, սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը, որտեղ ապաստանել էր Իկոնիայի սոիլթանի ընտանիքը: Այն կանխելու նպատակով Հեթում Ա-ն 1243-ին խաղա­ղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլ զորավար Բաչու Նոյինի հետ, իսկ 1254-ին մոնղոլական տերու­թյան մայրաքաղաք Կարակորումում նոր դաշնագիր է կնքել Մանգու մեծ խանի հետ: Այդ դաշինքը ոչ միայն կանխել է մոնղոլների ներխուժումը Կիլիկիա, այլև ապահովել է նրանց աջակցությունը սել­ջուկ թուրքերի և Եգիպտոսի դեմ մղվող պայքարում: Կիլիկյան Հայաստանը պարտավորվել է զինակցել մոնղոլներին Հյուսիսային Միջագետքը, Ասորիքը և Պաղեստինը գրավելու ժա­մանակ: Չափավորվել են բուն Հայաս­տանի բնակչության հարկերը, հայերին արտոնվել է ազատ առևտուր անել մոնղոլական ամբողջ տերության տարածքում:

1256-62-ին Հեթում Ա-ն սանձել է հկո­նիայի սելջուկների ու թուրքմենների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաք­ներն ու նրանց շրջակայքը:

Վերստին հզորացող Եգիպտոսի սուլ­թանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացու­մից, 1266-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա. Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմաթիվ հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջե­լով Եգիպտոսի սուլթանությանը, 1268-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերու­թյունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269-89)’ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանք որպես «եղբայր Մակար»:

Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տա­րիներին հայոց թագավորությանը հարավ- արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլ­թանությունը, հյուսիսից’ Իկոնիայի թուրքե­րը, երկրում սրվել են ավատատիրական երկ­պառակությունները: 1275-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել և կողոպտել մի շարք բնակավայրեր: Սսի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավո­րությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Հայերը մամլուքներին պարտության են մատնել նաև 1276- ին: Այնուհետև Լևոն Գ-ն հաղթել է հկո­նիայի սուլթանին և մոնղոլ – թաթարական ու­ժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարու­նակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանն ստո­րագրել են 10-ամյա խաղաղության պայ­մանագիր, որով կողմերը փոխանակել են գերիներին, վաճառականներին շնորհվել է ազատ առևտրի իրավունք երկու պետու­թյուններում: 1271-ին վերականգնվել են վենետիկցիների, իսկ 1288-ին’ ջենովա- ցիների հետ կնքված առևտր. պայմա­նագրերը, հատվել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավո­րությանն ու մեծարանքին են արժանա­ցել Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուր.:

Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թա­գավորը (1289-96, 1299-1301), հիաս­թափվելով թուլացած ու մահմեդակա­նացած մոնղոլների հետ դաշինքից, դի­մել է Հռոմի պապի և Արևմուտքի օգնությանը’ ավելի սրելով մահմեդական հարևան­ների թշնամանքը: 1292-ին եգիպտական զոր­քերը գրավել են կաթողիկոսանիստ Հռոմկլա բերդաքաղաքը և գերել Ստե­փանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր’ Գրիգոր է Անավարզեցի կաթո­ղիկոսը (1293-1307) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից դժգոհ’ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: 1298-ին նրանից գահը խլել է մյուս եղբայրը’ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկված գահա­կալական կռիվներից’ նույն թվականի գարնա­նը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվա­ճել Ջահան գետից հարավ ընկած տա­րածքները’ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքա­ղաքներով: 1299-ին վերստին գահ բարձ­րացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնու­թյամբ վերագրավել է դրանք:

1301-ին Հեթում Բ-Ն թագավոր է հռչակել իր մանկահասակ եղբորորդուն’ Լևոն Դ-ին (գահակալել է մինչև 1308-ը), դարձել նրա խնամակալն ու «թագավո­րահայրը» և շարունակել վարել լատինամետ քաղաքականություն: Արևմուտ­քի պետություններն օգնության դիմաց պահանջել են, որ Հայ առաքելական եկեղե­ցին ընդունի կաթոլիկություն և հպա­տակվի Հռոմի պապին: 1307-ին Սիս մայրաքաղաքի Սբ Սոփիա Մայր տաճա­րում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղե­ցուն միանալու առաջարկը: Թեև արքու­նիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղե­ցիների միացումը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի’ ունիթորների դեմ, որի հե­տևանքով խախտվել է երկրի հասարակա-քաղաքական միասնությունը:

Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչա­կիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ’ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է նրան և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Իսկ հայկական զորքերը Հեթում Բ-ի եղբայրնե­րի’ Օշինի և Ալինախի գլխավորությամբ սպանել են Փիլարղուին, ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ – մոնղոլական զինակցությանը:Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308-20) Հռոմի պապի պահանջով 1309-ին հրավիրել է նոր ժողով’ Սսի ժո­ղովի որոշումները վերստին քննելու հոր­դորով: Հանդիպելով ազգային ուժերի դիմադ­րությանը’ Օշին Ա-ն առժամանակ դադա­րեցրել է դավանաբանական վեճերը: 1316-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դի­մադրության շնորհիվ: 1318-ին Եգիպտո­սի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը Կոռիկոսի բերդի տեր Օշին պայլի առաջնորդությամբ զգալի կորուստներով հետ են մղել թշնամուն:

Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320-42): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխան­ները, հատկապես բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել խաղաղ գո­յակցության քաղաքականություն: Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլ­թանության և Հալեպի ամիրի զորքերը 1335-ին և 1336-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով հաշտություն է կնքել, որով երկրի հարավ-արևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգըստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ: Լևոն Ե-ն հանկարծամահ է եղել (1342)’ առանց ժառանգ թողնելու, որով ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310-ին հոր’ Ամորի Բ-ի դավադիր սպա­նությունից հետո 4 եղբայրների և մոր’ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա, ապրել Լևոն Ե-ի արքունիքում:

 1343-ին Գվիդոնը հայկakan ծեսով օծվել է հայոց թագավոր’ Կոստանդին Գ անու­նով: Նրա լատինամետ քաղաքականու­թյունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344-ին հայրենասեր ուժերը իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ ապս­տամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին և նրա ֆրանկ պալատա­կաններին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգա­կան, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345-63): Մահմեդական ամիրությունների հարձա­կումները պարբերաբար կրկնվել են 1340-50-ական թթ-ին: 1360-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան’ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369- ին Եգիպտոսի 60-հազարանոց բանակը պաշարել է Սիսը, հրդեհել քաղաքը, սակայն չկարողանալով գրավել միջնաբերդը’ նահանջել է: Պաշտպանական մարտերում սխրագործություններով աչքի է ընկել Լիպարիտ սպարապետը: 1373-ին ունիթորները սպանել են Կոստանդին Ե թագավորին (գահակալել է 1365-ից) և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին (1373-75), որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել է հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպ­տոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետըվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքե­րը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրա­նալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս դիմադրել են թշնամուն:

Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակություն­ները և արտաքին հարձակումներն ի վեր­ջո հանգեցրել են Կիլիկիայի հայկական պետու­թյան կործանմանը: Լևոն Զ-ն իր ընտանի­քի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծ­ների հետ գերեվարվել է Եգիպտոս: 1382-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերու­թյունից և մեկնել Եվրոպա: Կյանքի վեր­ջին տարիներին ապրել է Փարիզում և այնտեղ էլ վախճանվել 1393-ին: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: