Մթնոլորտի աղտոտման աղբյուրները

Օդային ավազանի աղտոտող գործոնները սովորաբար բաժանվում են երկու խմբի` ստացիոնար կամ անշարժ աղտոտողներ (ջերմաէլեկտրակայանները և այլ արդյունաբերական ձեռնարկությունները) և շարժական աղտոտողներ (հիմնականում տրանսպորտային միջոցներն են): Օդի աղտոտման աղբյուրները կարելի է դասակարգել նաև ըստ մարդու գործունեության ոլորտների` կենցաղ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն և այլն:

Փոխադրամիջոցներ

Օդի աղտոտման շատ ծանրակշիռ պատճառ են փոխադրամիջոցները` մեքենաները, ինքնաթիռները և այլն:

Տրանսպորտային միջոցները երկակի բացասական ներգործություն ունեն շրջակա միջավայրի վրա`

·         Վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը

·         Այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ

Մեքենաների արտանետումները ջերմոցային էֆեկտի առաջացման պատճառներից են:

Ինչպես գիտեք քիմիայի դասընթացից` ներքին այրման շարժիչների աշխատանքը բարելավելու նպատակով բենզինի մեջ ավելացվում են կապարի օրգանական միացություններ: Վառելիքի այրման արգասիքների հետ շրջակա միջավայր արտանետվող կապարի միացությունները թունավորում են օդը: Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, ստամոքսային հիվանդություններ:

Տրասնպորտային աղտոտումը նվազեցնելու միտումով աշխարհի շատ երկրներում օրենքներ և կանոններ են ստեղծվել: Դրանց թվին են պատկանում բենզինում կապարի քանակը նվազագույնի հասցնելու նպատակով մեքենաներում տեղադրվող կատալիտիկ վերափոխիչների, ֆիլտրերի կիրառումը, կապար պարունակող բենզինի տեսակների փոխարինումը բենզինի այլ տեսակներով:

Բայց շատ երկրներում այդպիսի կանոններ առայժմ չեն ընդունվել:

Բազմաթիվ պետություններում խրախուսվում են այն գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորույթները, որոնք հնարավորությունը կտան նվազեցնել տրասնպորտային միջոցներից շրջակա միջավայր արտանետվող նյութերի քանակը և վնասակար ներգործությունը:

Արդյունաբերություն

Արդյունաբերական արտանետումներից առաջինը դիտարկենք էլեկտրաէներգիայի արտադրության ժամանակ կատարվող արտանետումները:

Նկատենք, որ հիդրոէլեկտրակայաններում դեպի օդային ավազան արտանետումներ չեն լինում: Սկզբունքորեն օդային ավազանը չեն աղտոտում նաև բնականոն աշխատող միջուկային էլեկտրակայանները:

Ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները: Դժվար չէ նկատել, որ այս բոլոր օքսիդները թթվային օքսիդներ են: Տեղումների ժամանակ օդում եղած այդ նյութերը լուծվում են ջրում` առաջացնելով, այսպես կոչված, «թթու անձրևներ», որոնք բացասական ներգործություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Դրանք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը:  Այս ամենը դիտվել է ողջ Եվրոպայի զարգացած երկրների տարածքներում, Չինաստանում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Հայաստանում և այլուր:

Օդի աղտոտման մեջ իրենց մեծ բաժինն ունեն անև նավթավերամշակման, քիմիական նյութեր, պլաստմասաներ, գունավոր և սև մետաղներ արտադրող, ցեմենտի, շինանյութերի և այլ գործարանները: Այս գործարաններից յուրաքանչյուրն ունի նաև իրեն բնորոշ արտանետումներ` կախված նրանից, թե ինչպիսի նյութեր են արտադրվում և ինչպիսի նյութեր են օգտագործվում արտադրական գործընթացներում: Դա վերաբերում է նաև առաջին հայացքից մաքուր թվացող արտադրություններին: Օրինակ Երևանի «ԵրԱԶ» ավտոմեքենաների գործարանը հսկայական քանակությամբ օրգանական լուծիչներ էր արտանետում մթնոլորտ, քանի որ ավտոմեքենաները ներկվում էին ոչ հերմետիկ խցերում, իսկ նրանց չորացումը կատարվում էր բաց օդում:

Կահույքի գործարանները արտանետում են լուծիչներ, որոնք պարունակվում են սոսնձի և լաքերի մեջ:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր հանգամանքի վրա ևս: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա:

Այսօր, ինչպես հիսուն տարի առաջ, գործարանները և ջերմաէլեկտրակայանները կիրառում են աղտոտիչների հետ պայքարի նույն ձևը. կառուցում են բարձր ծխնելույզներ` վտանգավոր նյութերը մթնոլորտի վերին շերտերը հասցնելու և աղբյուրից հեռու ցրելու նպատակով: Արդյոք սա հարցի լուծում է: Մթնոլորտն անհուն չէ, ինչպես շատերն են կարծում: Քամու և տեղումների հետ աղտոտիչները ետ են վերադառնում: Բոլորիս սպառնում է ջերմոցային էֆեկտը, հետևաբար օդի աղտոտումը տեղական, տարածաշրջանային և համամոլորակային հիմնախնդիր է:

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք հիմնական աղբյուր կա`

1.      Քիմիական նյութերի` պարարտանյութերի, հերբիցիդների, պեստիցիդների օգտագործումը, որոնք օդն աղտոտում են թե արտադրության, թե կիրառության ընթացքում

2.      Զանազան վառելիքներով աշխատող տեխնիկան,

3.      Գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածություններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:

Կենցաղ

Պարզվում է, որ օջախի վրա ճաշ պատրաստելիս կնոջ ներշնչած թունավոր նյութերի քանակը 40 անգամ գերազանցում է Համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից անվտանգ ճանաչված սահմանը: Երեք ժամվա ընթացքում նա ներշնչում է քսան տուփ ծխախոտին համազոր քանակությամբ քաղցկեղ առաջացնող բենզապիրին: Դա հավասար է արդյունաբերության մեջ աշխատող բանվորի ութ ժամերի ընթացքում կլանած թունավոր նյութերին:

Այս սթափեցնող փաստերը բխում են հետամնաց երկրներում ճաշ եփելու պայմանների վերլուծությունից: Մեծ կենսազանգված ունեցող վառելանյութ (փայտը, բերքահավաքի մնացորդները, չոր գոմաղբը) շատ ծուխ է արտադրում:

Վառելանյութի ոչ լրիվ այրումը, ծխնելույզների և ընդհանուր օդափոխության բացակայությունը էկոլոգիական և առողջապահական խնդիրներ են առաջացնում:

Բացի փայտ օգտագործող օջախներից կենցաղում գոյություն ունեն օդի այլ աղտոտիչներ: Դրանցից է շինարարության մեջ օգտագործվող, մարդու առողջությանը սպառնացող, թունավոր գազեր արձակող ասբեստը: Արհեստական հենքով գորգերում և պլաստմասաներից պատրաստված արտադրատեսակներում պարունակվում են երիկամների և լյարդի խանգարումներ առաջացնող քիմիական նյութեր: Կահույքի թեփատախտակներում որպես լցոն օգտագործվում են աչքերի, կոկորդի, մաշկի և լյարդի բորբոքում առաջացնող ֆենոլ ֆորմալդեհիդային խեժեր և այլն: Օդի աղտոտիչներ են զանազան ներկերի, լաքերի, սոսինձների մեջ պարունակվող, լայնորեն օգտագործվող լուծիչները:т

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: