Բուսակերություն

Մսից և կենդանական ծագման այլ սննդատեսակներից հրաժարվողների թիվն աշխարհում օրըստօրե աճում է, ինչը սննդաբանների և լայն հասարակության շրջանում իրարամերժ քննարկումների տեղիք է տալիս։ Արդյունքում հարց է ծագում. «Միս ուտե՞լ, թե՞ չուտել»։

»Ինչպե՞ս կարելի է հավատալ, 

որ մի օր Երկիր մոլորակի վրա խաղաղություն և բարօրություն կտիրի, 

քանի դեռ մեր մարմինները կենդանի գերեզմաններ են, 

ուր հանգչում են մեռած կենդանիները…»

Լև Տոլստոյ

Փիլիսոփայությո՞ւն, քմահաճությո՞ւն, թե՞ ուշադրություն սեփական առողջության նկատմամբ

 

Տարբեր մեկնաբանություններ ունի «բուսակերություն» (լատիներեն vegetatio՝ բուսականություն բառից) բառը, և բոլորի իմաստը նույնն է. մարդկային օրգանիզմի համար բնական է համարվում միայն բուսական ծագման սնունդը, իսկ կենդանական ծագում ունեցողը անթույլատրելի երևույթ է, քանզի այն հետևանք է կենդանու մահվան։

Բուսակերներին կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի։

 

Առաջին խմբի ներկայացուցիչները «վեգաններն» են, որոնք իրենց սննդակարգում խիստ սահմանափակումներ են մտցնում։ Վերջիններս իրենց սննդից իսպառ բացառում են կենդանական ծագման մթերքը`   օգտագործելով միայն բանջարեղեն, միրգ, հատիկավոր և այլ բույսեր։ Նույնիսկ կաթնամթերքի ստացման ժամանակակից տեխնոլոգիաները, ըստ վեգանների, իրականացվում են կենդանիների շահագործման հաշվին, ինչը խախտում է բուսակերության հիմնական կանոնները։ Այս խմբի որոշ ներկայացուցիչներ ծայրահեղ բուսակերներ են, որոնց «հումակեր» կամ «նատուրիստներ»են անվանում։ Նրանք բուսական սննդամթերքն ուտում են միայն իրենց բնական ձևով`   առանց որևիցե մշակման, և ընդունում են միայն հատիկավոր բույսերի խոշոր աղացման տարբերակը։

 

Երկրորդ խմբի ներկայացուցիչներն այսպես կոչված լակտոբուսակերներն են, որոնք իրենց սննդակարգում բուսական ծագման սննդից զատ ներառում են նաև կաթն ու կաթնային հիմք ունեցող մթերք։ Այս խմբի «փիլիսոփայությունը», ըստ սննդաբանների, ավելի խելամիտ է։

 

Գոյություն ունի նաև լակտոբուսակերների մեկ այլ խումբ, որը չի բացառում նաև ձու ուտելը։ Վերջիններիսանվանում են լակտոօվոբուսակերներ։

 

Երբեմն, սխալմամբ, բուսակեր են անվանում նաև այն մարդկանց, ովքեր չեն ուտում միայն խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և թռչնի միս, սակայն իրենց սննդակարգում մեծ տեղ են տալիս ձկնեղենին և ծովային այլ բարիքներին։ Այսպիսի «կիսաբուսակեր» մարդկանց թիվը մեծ է, սակայն նրանց ո՛չ իրական բուսակերները, ո՛չ էլ միս նախընտրողներն իրենց «բանակից» չեն համարում։

Բուսակերության հիմնական դրդապատճառները

 

Անցյալում մարդիկ հրաժարվում էին «սպանդային» կերակուրից`   լոկ կրոնական կամ փիլիսոփայական նկատառումներից ելնելով, համաձայն որոնց`   յուրաքանչյուր կենդանի արարած, ինչպես և մարդը, ապրելու իրավունք ունի։ Կաթոլիկ և ուղղափառ ժողովուրդների մոտ բուսակերությունը հիմնականում տարածված է վանականների շրջանում։ Աշխարհիկ մարդկանց համար գոյություն ունեն պահքի շրջաններ, որոնց ժամանակ միս ուտելն արգելված է։ Բուսակերությունը տարածված է նաև մահմեդական երկրների մոլեռանդ կրոնապաշտների շրջանում։ Բուդդայականների և հինդուականների գրեթե մեծամասնությունը բացառում են միս ուտելը (այդ թվում նաև կրիշնայիտները)։ Հավատալով հոգու վերածնմանը`   նրանք այն կարծիքին են, որ սպանվող յուրաքանչյուր ձկան, եղջերավոր անասունի կամ նույնիսկ գորտի հոգին կարող էայնուհետև «հանգրվանել» մարդու մարմնում. ահա թե ինչու կենդանուն սպանելը հավասարազոր է մարդ սպանելուն։

 

Ընդհանուր առմամբ գրեթե բոլոր կրոնական համակարգերում մսակերությունից հրաժարվելը հոգին մաքրելու և կատարելության հասնելու կարևոր նախապայման է։ Որոշ դեպքերում նման զոհողության գնալը միայն ընտրյալների համար է, որոշ դեպքերում էլ`   պարտադիր տվյալ ուսմունքը դավանող յուրաքանչյուր մարդու համար։

 

«Բուսակերություն» տերմինը շրջանառության մեջ է դրվել 1842 թ. «Բրիտանացի բուսակերների միության» կողմից, ընդ որում, ի սկզբանե այն նշանակել է ոչ թե զուտ բուսակերություն, այլ բարոյական և փիլիսոփայական առումներով ներդաշնակ կենսակերպ։ Մեր օրերում մսակերությունից հրաժարվում են ոչ այնքան էթիկայի և բնապահպանության նկատառումներով, որքան առողջությունը պահպանելու և երկարակեցություն ապահովելու համար։ 1987 թ. գերմանական համալսարաններից մեկի կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ արևմտյան երկրներում բուսակերության անցնելն ունի հետևյալ դրդապատճառները.

 

• առողջությունը պահպանելու ձգտում (78%),

• էթիկա (69%),

• բնապահպանություն (35%),

• Էսթետիկա (28%),

• կրոնական (23%),

• փիլիսոփայական (22%),

• տնտեսական (19%) և

• հիգիենիկ (9%)։

 

Ամենից շատ բուսակերներ կան երկու տարիքային խմբերում, որոնք են`   16-24 և 55-64 տարեկան մարդիկ։ Որպես կանոն, երիտասարդներն ավելի հոգատար են կենդանիների հանդեպ և չեն ուզում նույնիսկ անուղղակի առումով «մասնակից» լինել վերջիններիս սպանդին։ Ինչ վերաբերում է տարեցներին, ապա նրանք ավելի շատ հոգ են տանում իրենց առողջության մասին։

 

Մեր օրերում բուսակերության ջատագովների թիվն աշխարհում օրեցօր աճում է և շուտով կհասնի 1 մլրդ-ի։ Այս առումով առյուծի բաժինն ընկնում է Հարավ-Արևելյան Ասիայի բնակիչներին (միայն Հնդկաստանի բնակչության մոտ 80%-ը միս չի ուտում)։ Եվրոպայում և Ամերիկայում մսակերության դեմ պայքարողների թիվը տատանվում է 7-10%-ի միջև։ Բուսակերներն այլևս «սպիտակ ագռավներ»չեն. գնալով ավելանում է բուսակերների համար նախատեսված ճաշարանների և ռեստորանների թիվը, իսկ այդ վայրերում ճաշողների համար ստեղծվել է հատուկ միություն, որը պաշտպանում է բուսակերների շահերը։ Այդ միության անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրային և գիտական քննարկումներին և փորձում են հնարավորինս լավ ներկայացնել բուսակերության առավելությունները։ Սակայն, այնուամենայնիվ, բիֆշտեքսների սիրահարները չեն շտապում զիջել իրենց դիրքերը։

 

Բուսակերության զարգացման գործում մեծ դեր է խաղացել կենդանիների պաշտպանությանն ուղղված շարժումը և, մասնավորապես, ավստրալիացի գիտնական Պիտեր Սինգերի աշխատությունները։ Իր «Կենդանիների ազատություն» գրքում Սինգերն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է կենդանիների ու թռչունների բուծման և սպանդի աննկարագրելի դաժան պայմանները։ Հեղինակը նշում է, որ միայն անգթությունը, անտարբերությունն ու անզուսպ որկրամոլությունն են մարդուն ստիպում չհրաժարվել այնպիսի տգեղ սովորությունից, ինչպիսին մսակերությունն է։ Պիտեր Սինգերի գիրքը մեծ հեղափոխություն առաջացրեց մարդկային գիտակցության մեջ։

 

Միս. Pro et contra

 

Ժամանակակից սննդաբանությունը, հիմնվելով ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի դասական հետազոտությունների վրա, խորհուրդ է տալիս սնվել թե՛ բուսական և թե՛ կենդանական ծագման սննդամթերքով։ Գիտնականները պարզել են, որ կենդանական ծագման մթերքում մարդու օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ ամինաթթուների քանակը կրկնակի անգամ ավելի շատ է, քան բուսական ծագման մթերքում։ Բուսակերության պարագայում օրգանիզմի սպիտակուցների և, հատկապես, ամինաթթուների պակասը լրացնելու համար անհրաժեշտ է ուտել շատ մեծ քանակությամբ հատիկավորներ, իսկ մարսողական համակարգի օրգանների համար բջջանյութի մեծ քանակությունը կարող է լուրջ խախտումների հանգեցնել։ Բացի այդ`   բուսական ծագման սպիտակուցն ավելի դժվարությամբ է մարսվում, քան կենդանական ծագմանը։

 

Ավելին, ձուն, միսը, լյարդը և ձկան յուղոտ միսը հարուստ են մի շարք կենսական կարևորություն ունեցող վիտամիններով։ Այս պարագայում սննդաբանների մի խումբ եկել է այն եզրակացության, որ բուսակերությունը հղի է օրգանիզմում B12 վիտամինի քաղցի առաջացմամբ, վիտամին, որը կարևորագույն դեր ունի արյունաստեղծման համար։

Այսպիսով, հետևելով այն տեսակետին, որ մսից և ձկնեղենից հրաժարվելը կարող է հանգեցնել օրգանիզմում սպիտակուցների և որոշ վիտամինների պակասին, եվրոպացիները շարունակում են կենդանական ծագման սնունդ օգտագործել։

 

Բուսակերները, սակայն, այս տեսակետին թերահավատությամբ են մոտենում և պարզաբանում, որ հազարամյակներ շարունակ աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ «մի կտոր միս» անգամ չեն կերել և, այդուամենայնիվ, առողջ և երկարակյաց են եղել։

 

Մսի օգտագործումը սննդի մեջ ավելի մեծ զարգացում է ապրել հատկապես XX դարում, երբ մարդկությունը հայտնագործել է սառնարանը։ Մսակերության ընդդիմադիրները միաձայն պնդում են, որ ֆիզիոլոգիական տեսանկյունից մարդ արարածի օրգանիզմն ավելի լավ է մարսում բուսական ծագման սնունդը։ Որպես կանոն, մսակերների մոտ շատ հաճախ փորկապություններ և աղիքային ինտոքսիկացիաներ են արձանագրվում, ինչը պայմանավորված է օրգանիզմի կողմից մսամթերքի դանդաղ մարսելու հետ։

 

Մսի չարաշահման պարագայում օրգանիզմում կուտակվում են մեծ քանակությամբ ազոտական միացություններ, ինչի արդյունքում թթվահիմնային հավասարակշռությունը խախտվում է, և կարող են զարգանալ այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են`   միզաթթվային դիաթեզը և պոդագրան։

Ինչպես բուսակերներն են նշում, կենդանու քաշն ավելացնելու և մի շարք հիվանդությունների դեմ պայքարելու նպատակով անասնաբույժները հաճախ նրանց հորմոնալ միջոցներ են տալիս, տարբեր պատվաստումներ են կատարում և հակաբիոտիկներ ներարկում, որոնց ազդեցությունը մարդկային օրգանիզմի վրա, որպես կանոն, հաշվի չի առնվում։ Շատ հաճախ մարդու մոտ վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ կենդանական ծագման սննդի օգտագործումը։

Այժմ խոսենք սպիտակուցների մասին։ Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մարդու օրգանիզմի համար սպիտակուցների օրական անհրաժեշտ պաշարը միջինում պետք է կազմի 150 մգ, ապա միայն բուսական ծագման սնունդ ընդունելու պարագայում սպիտակուցային քաղցի զարգացումը լիովին հավանական է դառնում։ Սակայն Ճապոնիայում, Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահագներում անցկացված որոշ հետազոտություններ ցույց տվեցին, որ օրական 50-85 մգ սպիտակուցն էլ լիովին բավարար է, որպեսզի մարդ արարածը լավ ինքնազգացողություն, դիմադրողականություն և աշխատունակություն ունենա։ Ըստ այդ հետազոտությունների`   միայն կերակրող մայրերի և դեռահասների օրգանիզմն է, որ օրական առնվազը 100 մգ սպիտակուցի կարիք ունի։ Այս թվերն անիրական են զուտ բուսակերությամբ ապրող մարդկանց համար, և իսկապես, շատ դժվար է օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուների պաշարը լրացնել միայն բուսական ծագման սպիտակուցներով։ Այդ իսկ պատճառով սննդաբանները բուսակերներին խորհուրդ են տալիս չհրաժարվել կաթնամթերքից, որը լիարժեք սպիտակուցների բնական աղբյուր է։ Կաթի և ձվի մեջ մեծ քանակությամբ B12 վիտամին կա, ուստի լակտոբուսակերները հնարավորություն ունեն խուսափել դրա քաղցից։ Իսկ նրանց համար, ովքեր իսպառ հրաժարվում են կենդանական ծագման սննդից, B12-ի անհրաժեշտ պաշարն ապահովելու համար հատուկ նպատակով մշակվել և ստացվել է մթերք, որի մեջ մեծ քանակությամբ սոյա և հատիկավորներ կան։

 

Ի շահ առողջության

 

Մսից հրաժարվելու օգտակարությունը գնահատելու նպատակով ներկայացնենք ընդամենը վիճակագրական հետազոտությունների որոշ տվյալներ, որոնցում համեմատվում են բուսակերների և խառը սնունդ նախընտրողների շրջանում տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը։

 

Բուսակեր տղամարդիկ շաքարային դիաբետով հիմնականում չեն հիվանդանում, իսկ խառը սնունդ նախընտրողների մոտ`   հիվանդացությունը կազմում է 2,6%։ Խառը սննդին նախապատվություն տվող կանանց շրջանում հիվանդանալու հավանականությունը բուսակերների համեմատ կրկնակի բարձր է։

 

Խառը սնունդ նախընտրող տղամարդիկ 2, իսկ կանայք`   5 անգամ ավելի շատ են տառապում զարկերակային գերճնշմամբ, քան բուսակերները։

 

Բազմաթիվ գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ բուսակերների արյան մեջ խոլեսթերինի և այլ աթերոգեն լիպիդների քանակությունը նվազագույն մակարդակի է, ինչը նրանց հնարավորություն է տալիս խուսափել մի շարք սրտանոթային հիվանդություններից և դրանց բարդացումներից, այդ թվում նաև սրտամկանի ինֆարկտից։ Վիճակագրական տվյալների համաձայն`   մսակեր տղամարդկանց շրջանում սրտամկանի ինֆարկտի հավանականությունը 5 անգամ ավելի մեծ է, քան բուսակեր տղամարդկանց մոտ։

 

Բջջանյութով հարուստ բուսական սնունդ օգտագործելը նպաստում է մարսողական համակարգի օրգանների օպտիմալ գործունեությանը և խոչընդոտում փորկապությունների առաջացմանը։ Խառը սնունդ ընդունող տղամարդկանց մոտ լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները 2 անգամ ավելի շատ են գրանցվում, քան բուսակեր տղամարդկանց մոտ։

 

Բժշկական գրականությունը ևս պնդում է, որ չարորակ նորագոյացությունների առաջացումը ինչ-որ չափով պայմանավորված է մսի, ձվի, պանրի և կենդանական ծագում ունեցող ճարպերի ու սպիտակուցների չարաշահմամբ։ Որոշ տվյալների համաձայն`   շաբաթական մեկ անգամ տավարի, խոզի կամ ոչխարի միս ուտելը աղիների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելացնում է 40%-ով, իսկ շաբաթական 5-6 անգամ ուտելու պարագայում այդ հավանականությունն ավելանում է 80%-ով։

 

Վերոնշյալ տվյալները բուսակերներին հիմք են տալիս կարծելու, որ իրենց սնվելու կարգն ավելի ռացիոնալ է, և այն թույլ է տալիս երկարացնել կյանքի տևողությունն ու կանխել մի շարք հիվանդությունների զարգացումը։ Եթե ժամանակակից սննդաբանները որոշակի վերապահությամբ են մոտենում վեգանների սնվելու կարգին, ապա լակտոբուսակերների կողմից առաջարկվող սնվելու մեթոդները ֆիզիոլոգիական տեսանկյունից կատարելապես ընդունելի են, քանի որ դրանք ամբողջությամբ բավարարում են օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ սննդի պաշարները։ Ի դեպ, մսամթերքից հրաժարվելու անվտանգությունը պաշտոնապես հաստատվել է նաև ամերիկյան սննդաբանների ասոցիացիայի կողմից։

 

Ժամանակակից սննդաբանությունը, հիմնվելով ֆիզիոլոգիայի և բիոքիմիայի դասական հետազոտությունների վրա, խորհուրդ է տալիս սնվել թե՛ բուսական և թե՛ կենդանական ծագման սննդամթերքով։

 

Հնդկաստանի հնագույն փիլիսոփայական ուսմունքներից մեկի`   ջայնիզմի կանոնները, կյանքի բոլոր ձևերի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը հասցրել են կատարելության։ Աննշմար մժեղին կամ թրթուրին պատահաբար չվնասելու համար որոշ ջայնիստներ քայլելիս հատուկ փոքրիկ ավելներով ավլում են իրենց առջևի հողը կամ իրենց հագուստին փոքրիկ զանգակներ են կախում, որպեսզի կենդանիներին «նախազգուշացնեն» իրենց մոտենալու մասին։ Իսկ պատահաբար ջրի հետ որևէ չնչին օրգանիզմ կուլ չտալու նպատակով ջայնիստները նախապես ֆիլտրում են ջուրը։л

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: