ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ԼՈՌՈՒ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ Լոռին այդ թանգարանի ամենաուշագրավ և հարուստ սրահներից մեկն է: Լոռու տարածքում մարդու մշակութային գործունեության հետքերը գալիս են վաղնջական ժամանակներից: Այդ մասին են վկայում դեռևս 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Ախթալայի և Շամլուղի մերձակայքում ՝ Ժակ Մորգանի, Սանահինում և Դսեղում՝ Ալ. Երիցյանի, Որնակում (այժմ՝ Ակներ)՝ Ն.Մառի, Հաղպատում, Պրիվոլնոյեում, Յաղդանում՝ Ե. Թաղայաշվիլու, Օձունում՝ Ս. Տեր-Ավետիսյանի և այլոց պեղումներով ի հայտ եկած մ.թ.ա 3-րդ-1-ին հազարամյակներին վերաբերող մշակույթի արժեքավոր հուշարձանները, նաև հետագայում Դեբեդի ավազանի, Կիրովականի, Լոռի Բերդի, Քոսի Ճոթեր, Ղարաքոթուկ, Լորուտ և այլ հնավայրերի պեղումների արդյունքները:

Լոռվա տարածքում շինարարական կյանքը վերելք է ապրել հատկապես Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի թագավորության ժամանակ (10-12-րդ դարեր), երբ այդտեղ նոր թափ է ստանում տնտեսական և առևտրային գործունեությունը: Այդ ժամանակ է, որ ընդլայնվում են Հաղպատի, Սանահինի վանքերը, հիմնադրվում են նորերը՝ Քոբայրը, Հոռոմայրը, Խորակերտը և այլն: Երկրամասի պաշտպանությունն ապահովելու նպատակով կառուցվում են Լոռե, Քուլեթ, Ախթալա, Կայծոն, Գագ և այլ բերդեր, որոնք կարևոր եղան Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների անվտանգության, կենտրոնական Հայաստանից Գուգարքով դեպի Վրաստան տանող ճանապարհի մատույցների պահպանման համար: 11-րդ դարի կեսերին սելջուկները Ալփ Ասլանի գլխավորությամբ նվաճում են Լոռին, հաստատելով այնտեղ իրենց գերիշխանությունը: Լոռու հուշարձանները մեծ չափով տուժել են և կողոպուտի ենթարկվել Ղըզըլ Ամիրի գլխավորած հրոսակախմբերի ասպատակությունների ժամանակ (1104թ.): Սելջուկների տևական գերիշխանությունից երկրամասն ազատագրվել է վրաց զորքերի համագործակցույթամբ 1118-1122թ.թ. և անցել վրաց Օրբելյաններին: 1177թ. վերջերին խռովության անհաջող ելքից հետո Լոռու (նախկինում Տաշիր-Ձորագետի թագավորություն) տարածքը տրվել է ոմն Խուբասարի, իսկ 1185-ից դարձել Զաքարյան իշխանական տոհմի վրացադավան ներկայացուցիչների ժառանգական սեփականությունը, որով այնտեղ սկսվել է վերելքի նոր շրջան: Այդ շրջանում են կառուցվել և ավարտուն տեսք ստացել Ախթալայի, Քոբայրի, Մշակավանքի, Հոռոմայրի, Խորակերտի, Խուճապի և այլ վանքային համալիրները: 12-13-րդ դարերում Լոռիում՝ հատկապես Դսեղում աչքի ընկնող շինարարական գործունեություն է ծավալում Մամիկոնյան իշխանական տոհմի ճյուղը: 13-րդ դարի 30-ական թվականներին մոնղոլական նվաճումների հետևանքով , այնուհետև 14-րդ դարի վերջերին Զաքարյանների ֆեոդալական տան քայքայումով դադարեցվել է Լոռու տնտեսական-մշակութային կյանքի վերելքը: Զաքարյաններից հետո մինչև 19-րդ դարը այնտեղ իշխել են նրանց շառավիղները՝ Արղության- Երկայնաբազուկները: 1801 թ. Տաշիր-Ձորագետը Վրաստանի հետ միացվեց Ռուսաստանին, փրկվելով պարսկական ծանր լծից:

ՍԱՆԱՀԻՆ

Սանահինի վանքը հայ միջնադարյան ճարտարապետական աչքի ընկնող համակառույցներից մեկն է և նշանակալից դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: Այդտեղ են հայ դպրության գործին իրենց հարուստ գիտելիքներն ի սպաս դրել մշակութային և կրոնական նշանավոր գործիչներ: Հոգևոր դպրոցի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ Նովան: Ավելի քան հազարամյա պատմության ընթացքում Սանահինի վանքն ունեցել է տնտեսական, շինարարական և մշակությաին կյանքի վերելքի և վայրէջքի շատ շրջաններ: Բազմիցս ենթարկվել է ասպատակությունների և ավերի: Մեծ չափով տուժել է տարերային աղետներից: Մեր ժամանակները չեն հասել Կյուրիկյանների դամբարանը, հյուրատունը, տնտեսական արտադրական բնույթի շենքեր: Սանահինի վանքը, ինչպես նաև նրանից 6 կմ հեռավորության վրա գտնվող Հաղպատի վանքը հիմնադրել են քաղկեդոնական դավանանքը մերժելու համար՝ բյուզանդական Ռոմանոս 1-ին կայսեր կողմից հալածական մի խումբ հայ կրոնավորներ, 10-րդ դարի առաջին կեսին: Կառուցվել է այն տեղում, ուր ըստ ավանդույթի Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարում խաչ է կանգնեցրել: Սանահինի վանքը հիմնադրվել է փքրի-ինչ ավելի վաղ, քան Հաղպատինը: Վանքը գտնվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում: Բաղկացած է 10-13-րդ դարերում կառուցված, հիմնականում ամբողջական վիճակում գտնվող պաշտամունքային և քաղաքացիական մեծ թվով շինություններից: Պարսպի մեջ առնված հիմնական խումբը բաղկացած է երեք եկեղեցիներից, գրատուն մատենադարանից, գավթից, նախագավթից, զանգակատնից, հոգևոր դպրոցի և գրատան սրահներից, դամբարաններից:

ՀԱՂՊԱՏ

Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, որում առավել ակնառու են դրսևորված զարգացած միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը՝ գեղատեսիլություն, շրջապատող միջավայրի հետ ներդաշնակ կապ, տարածական հավասարակշռվածություն և որ շատ կարևոր է՝ աշխարհիկ մտածողության և աշխարհիկ շինությունների գերակշռություն: Վանքը հայտնի է որպես միջնադարյան հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկը, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն: Վանքը բազմիցս ենթարկվել է ասպատակությունների, տուժել է երկրաշարժերից: Հաղպատի վանքը սերտորեն ընդհանրանում է իր հռչակավոր հարևանի՝ Սանահինի վանքի հետ ոչ միայն պատմական ճակատագրով և ժամանակագրական մերձությամբ, այլև հորինվածքային գծերով, հուշարձանների կազմով, ճարտարապետական-գեղարվեստական լուծումներով, կոնստրուկտիվ հնարքներով: Վանքը գտնվում է Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում և դիտվում է շրջակա ողջ տարածքից: Այն շրջափակող պարսպից ներս գտնվում են մեկը մյուսից զարմանահրաշ, առինքնող ու մարդամոտ պաշտամունքային և քաղաքացիական շենքեր և շինություներ, որոնցից առավել կարևորներն են՝ Ս. Նշան. Ս. Գրիգոր, Ս. Աստվածածին եկեղեցիները, գավիթը, ժամատունը, գրատուն-մատենադարանը, զանգակատունը, սեղանատունը և այլն: Հիմանակն կառույցները խմբավորված են Ս. Նշան եկեղեցու շուրջը, սերտորեն ներդաշնակելով իրար և կազմելով միասնական ճարտարապետական համակարգ: Հաղպատի հուշարձանախմբի հիմնադրումը հաշվվում է 976 թվականից, երբ Աշոտ Գ Ողորմածի կին Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ սկսվեց վանքի գլխավոր կառույցի Ս. Նշան եկեղեցու շինարարությունը:

ԼՈՌԵԲԵՐԴ

Լոռե կամ Լոռեբերդ տանող ճանապարհն անցնում է Ստեփանավան քաղաքով: Վերջինիս հարավ-արևմտյան եզրին գտնվում է եկեղեցու՝ միանավ դահլիճի խորանի մնացորդը՝ պատերի առանձին երկու զանգվածի ձևով՝ 3-5 մ. բարձրությամբ: Մնացորդներից դժվար է որոշակի կարծիք կազմել եկեղեցու հորինվածքի և ժամանակի մասին: Շինարարական տվյալներով հավանական է, որ այն պատկանել է զարգացած միջնադարին: Լոռե բերդաքաղաքի մնացորդները գտնվում են Ստեփանավան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք՝ Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթի վրա: Ներկայումս անբնակ է, ավերակ: Հիմնադրվել է Անիի Բագրատունիների Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ՝ Տաշիր-Ձորագետի թագավոր Դավիթ Անհողինի (989-1048) կողմից:

ՕՁՈՒՆ

Օձունի հուշարձանախումբը հանդիսացել է միջնադարյան Հայաստանի մշակությաին կարևոր կենտրոններից մեկը, որի մասին վկայում են գյուղին մերձակա քարայրներում հայտնաբերված մեծ թվով ձեռագիր հիշատակարանները: Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցին գտվում է գյուղի կենտրոնական բարձրադիր մասում և աչքի է ընկնում տեղանքի հետ ունեցած սերտ միասնությամբ: Այն իր համաչափություններով տարբերվում է 5-րդ դարից հետո կառուցված հայկական գրեթե բոլոր հուշարձաններից: Աղոթասրահի հատակագծային համաչափություններում առկա է փոխադարձ կապ, որը չի կարող պատահական զուգադիպության արդյունք լինել և իր հերթին հաստատում է հայկական պատմաճարտարապետական հուշարձանների համաչափությունների միջև պատճառական կապի, նրանց նախագծման ու կառուցման որոշակի սկզբունքների գոյությունը:

ՔՈԲԱՅՐ

Քոբայրի վանքը զարգացած միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է, որի պատմությունը սերտորեն կապվում է հայկական միջնադարյան նշանավոր ֆեոդալական տների՝ Բագրատունիների հարստության Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների գործունեության հետ: Մատենագիտական հիշատակություններից երևում է, որ Քոբայրը՝ որպես մենաստան, 12-րդ դ. կեսերին արդեն կազմավորված և հռչակված է եղել: Անվան ծագումը կապվում է այր (քոբ) բառի հետ: Գտնվում է Անդրերկաթուղու Քոբեր կայարանի (Թումանյանի շրջան) հարավարևմտյան մասում՝ Դեբեդի ձորալանջի բարձրադիր դարավանդների վրա: Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով, ընդհանուր պատճառաբանված հորինվածքով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով, միջնադարյան հայ մոնումենտալ գեղանկարչության պսակը կազմող որմնանկարներով: Այն Հայաստանի զարգացած միջնադարի կարևոր գրչօջախներից և մշակությաին կենտրոններից մեկն էր, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը: Պատերի հայերեն և վրացերեն մեծ թվով արձանագրությունները արժեքավոր վավերագրեր են հուշարձանների կառուցման, ժամանակագրման, միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին վերաբերող: 13-րդ դարի կեսերին Քոբայրը Կյուրիկյաններից արդեն անցել է Զաքարյաններին՝ միաբնակ հաստատություններից վերածվելով քաղկեդոնականի: Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների, վրացաոճության եզրեր ունեցող հարդարանքի տարրերի առկայությունը: Քոբայրում են թաղված Զաքարե ամիրսպասալարի որդին Շահնշահը, վերջինիս որդիները, հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչներ:

ԱԽԹԱԼԱ

Ախթալայի ամրոցը վանքային համալիրի հետ միասին գտնվում է ավանի կենտրոնական մասում՝ բարձրադիր թերակղզիաձև հարթակի վրա: Տարածքը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, իսկ չորրորդ՝ հյուսիսային կողմից հարակցվում է սարահարթին: Ամրոցը կառուցվել է 10-րդ դարում՝ Կյուրիկյանների տիրապետության ժամանակ: Վանքի գլխավոր եկեղեցին ՝ Ս. Աստվածածինը, կառուցվել է կառուցվել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանի կողմից՝ 13-րդ դ. առաջին քառորդում, գոյություն ունեցող հայկական միաբնակ հաստատությունը վերածելով վրացադավանի: Գլխավոր եկեղեցուց հյուսիս-արևմուտք, մոտ 50մ. հեռավորությամբ գտնվում է միանավ եկեղեցին (13-րդ դար), ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ երկլանջ կտուրով: Ավանի կենտրոնական մասում, Ախթալայի վանքից 0,5 կմ հյուսիս-արևելք գտնվում է Ս. Երրորդություն վանքը (13-րդ դար),բաղկացած իրար կից երկու եկեղեցուց, մատուռից և արտաքին սրահից: Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է ավանի կենտրոնից դեպի արևելք՝ բարձր բլրի վրա: Զույգ եկեղեցիները գտնվում են ամրոցից մոտ 1 կմ դեպի արևմուտք, ճանապարհի եզրին: 

ՀՆԵՎԱՆՔ

Հնեվանք, վանական համալիր, ճարտարապետական հուշարձան ՀՀ Լոռու մարզում, Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափին։ Այժմ կիսավեր համալիրի կազմում եղել են երեք եկեղեցի, գավիթ, բնակելի, տնտեսական և օժանդակ շինություններ։ Գլխավոր եկեղեցին (VII դ.) արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև, եռախորան գմբեթավոր կառույց է (արևմտյան ուղղանկյուն խաչաթևը չի պահպանվել)։ Ավագ խորանին կից ուղղանկյուն ավանդատներից հարավը ծածկված է խաչային, իսկ հյուսիսը՝ կիսագլանային թաղերով։ Գմբեթային փոխանցումը երկշարք տրոմպներով է։ Թմբուկը դրսից ութանիստ է՝ հատած զույգ կիսասյուներին հենվող որմնակամարներով, որոնց կամարամիջոցներում քանդակներ են։ Գմբեթի քիվի ստորին գոտու վրացերեն արձանագրության համաձայն, եկեղեցին 1154-ին նորոգել է Իվանե Օրբելյան ամիրսպասալարի որդի Սմբատը։ Արևմուտքից կից գավթից պահպանվել են միայն որմնախարիսխների մասեր։ Համեմատաբար լավ է պահպանվել եկեղեցուն հարավից կից, կիսաշրջանաձև խորանով, գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցին (ըստ հարավային մուտքից վեր վրացերեն արձանագրության, կառուցվել է XIII դ. սկզբին)։ Գավթի հյուսիսային կողմի միանավ թաղակապ եկեղեցուց պահպանվել են խորանի մասը և պատերի երկու շարքը։

ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔ

Քոբայրի վանք կամ Քոբայրավանք, միջնադարյան հայկական վանք Հայաստանի Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտ, Քոբեր երկաթուղային կայարանից արևմուտք, Դեբեդ գետի ձորալանջին, բարձրադիր ու դժվարամատչելի վայրում։ Այն զարգացած միջնադարում Հյուսիսային Հայաստանի հոգևոր, մշակութային և գրչության հայտնի կենտրոններից էր։

Մենաստանը հիմնադրվել է Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին: Քոբայրի վանական համալիրի կառույցների ընդարձակումը սկսվում է 12-րդ դարի վերջից 13-րդ դարի սկզբին, երբ վանքը Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին: Այդ ժամանակ են կառուցվում գլխավոր եկեղեցին, մատուռ-ավանդատունը, դրան արևմուտքից կից բաց սրահը, սեղանատունը, զանգակատուն-տապանատունը, մատուռները և ամրաշինական կառույցները։ Դրանք բոլորն էլ այսօր կիսավեր վիճակում են։

Հանդիսացել է միջնադարի կարևոր հայ գրչօջախներից և մշակութային կենտրոններից մեկը, որի հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ 13-րդ դարի սկզբներին վերածվել է որպես քաղկեդոնական։

ԱՐԴՎԻ ՎԱՆՔ

Արդվիի Սուրբ Հովհաննես վանք (հիշատակվում է նաև Սրբանես վանք անունով), վանք ՀՀ Լոռու մարզի Արդվի գյուղի հյուսիսարևմտյան եզրին։ Բաղկացած է միմյանց կից երկու թաղածածկ եկեղեցիներից, զանգակատնից, վանական շինություններից։ Հյուսիսային եկեղեցու բեմի առջև Հովհաննես Գ Օձնեցու խոշոր տապանաքարն է։ 13-րդ դարում եկեղեցու արևմտյան ճակատին կամարակապ մեծ բացվածքով սրահ են կցել։ 17-րդ դարում եկեղեցիներից հարավ կառուցել են առանձին կանգնած, խորանարդաձև ստորին ծավալով և վեցասյուն ռոտոնդայով զանգակատուն։ Վանքի պարսպապատ տարածքում գտնվում են խցերի և տնտեսական շենքերի ավերակները, համալիրից արևմուտք միջնադարյան գերեզմանոցն է՝ գեղաքանդակ խաչքարերով։ Վանքը 19-րդ դարում նորոգել է Ստեփանոս Տարինյանը, 1902 թվականին՝ Մելիքսեթ Քալանթարյանը։ Վանական համալիրը վերանորոգվել է 2018 թ.:

ԽՈՐԱԿԵՐՏԻ ՎԱՆՔ

Խորակերտը միջնադարյան եկեղեցական համալիեր է Լոռու մարզի Ջիլիզա գյուղում։ Խորակերտի վանքը գտնվում է Լոռու մարզի Ջիլիզա գյուղի մոտ՝ Լալվար լեռան արևմտյան փեշերին։

Շրջակայքի հնագույն շինությունների հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ այդտեղ է եղել Խորակերտ կամ Խոռակերտ քաղաքը, որի հիմնադրումը Վարդան պատմիչը վերագրում է Հայկի որդի Խոռին։ Քաղաքը IXդ. Սմբատ Բ թագավորի հրամանով ժառանգել է Աշոտ Ողորմածի որդի Գուրգենը։ Երբեմնի պարսպապատ համալիրից պահպանվել են միջնադարյան եկեղեցին, կիսավեր գավիթը, մատուռների, սեղանատան ավերակները, քանդակազարդ գերեզմանաքարերը։

Ըստ եկեղեցու արևմտյան ճակատի արձանագրության, վանքը և գավիթը կառուցվել են 1251թ.-ին: Ըստ ճարտարապետական ոճական վերլուծության, եկեղեցին հիմնականում XIդ. կառույց է, որի վերին մասը լրացվել է 1251թ.-ին։ Առանձնահատուկ է եկեղեցու գմբեթը (հայկական ճարտարապետության նմանատիպ միակ օրինակը), որի ութանիստ թմբուկը կեսից ցած կազմված է 30 վեցնիստանի սյուներից (բարձրությունը՝ 2մ), որոնք շատ խիտ տեղադրված, ստեղծում են նեղլիկ բացվածքների տպավորություն։ Գմբեթը հիմնվում է 6 փոխհատվող կամարներից կազմված կառուցվածքային հիմնակմախքին և կենտրոնում ավարտվում շթաքարով ձևավորված ավելի փոքր գմբեթով։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: