Կոտրվածք (լատ.՝ fractura), ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում։ Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի կոտրվածքներ։ Վերջինը լինում է վնասվածքային և ախտաբանական։ Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև կոտրվածքներ։ Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուց կամ մի մասի պոկվելուց։ Կոտրվածքի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են։ Երբեմն լինում է նաև քրոնիկական կոտրվածքներ, որը հետևանք է ոսկրի ոչ մեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության։
Առաջին օգնությունը փակ կոտրվածքի ժամանակ
Ոչ մասնագիտացված, նախաբժշկական առաջին բուժօգնությունն այս դեպքում անշարժացումն է և սառույցի տեղադրումը:
Փակ կոտրվածքի ժամանակ վերջույթն ուղղվում, բերվում է հնարավորինս նորմալ ֆիզիոլոգիական դիրքի և այդ դիրքում անշարժացվում, որպեսզի պացիենտի մոտ լրացուցիչ մկանային գերլարում չառաջանա, չզարգանա ախտաբանական օղակ` կոտրվածք — ցավային համախտանիշ — մկանային կծկում — ցավային համախտանիշի ակտիվացում: Անշարժացումը կանխում է նաև լրացուցիչ վնասումներն արդեն կոտրվածքից հետո, երբ կոտրված ոսկրի բեկորը շարժվելիս կարող է վնասել մագիստրալ նյարդաանոթային խուրձը, փափուկ հյուսվածքները և այլն:
Անշարժացումը կարելի է կատարել ցանկացած ձևով. ստորին վերջույթի վնասման ժամանակ վնասված վերջույթը կարելի է ֆիքսել մյուս ոտքին, կամ ձեռքի տակ եղած ցանկացած փայտով: Վերին վերջույթի կոտրվածքի ժամանակ՝ վերջույթը ֆիքսում են մարմնին: Ֆիքսումից հետո անհրաժեշտ է վնասված հատվածում սառույց տեղադրել:
Վերջույթների անշարժացման ժամանակ հիմնականում մեկ փայտ օգտագործելը բավական է, հատկապես վերին վերջույթի ժամանակ: Բժշկության մեջ օգտագործում են էլաստիկ մետաղալարային սանդղաձև Կրամերի բեգակալը, որը հեշտությամբ ծռելով ցանկացած դիրք կարելի է տալ՝ վերջույթին համապատասխան:
Կարծում եմ, անհրաժեշտ է, որ առաջին օգնության ուսուցում անցկացվի դպրոցներում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, որովհետև մենք պատերազմական և սեյսմիկ գոտում ենք գտնվում:
Առաջին օգնությունը բաց կոտրվածքի ժամանակ
Առաջին հերթին, պետք է տարբերակել բաց և փակ կոտրվածքները, որը ոչ միշտ է հեշտ: Եթե ճիշտ չանշարժացվի փակ կոտրվածքը, այն կարող է վերածվել բացի:
Բաց կոտրվածքի դեպքում անշարժացումը կատարվում է այն դիրքում, որում գտնվում է վերջույթը: Այսինքն, ոսկրերի բաց հատվածները, որոնք դուրս են եկել մաշկից, ներուղղել չի կարելի: Դրվում է հնարավորինս մաքուր վիրակապ, և վերջույթը նույն դիրքով անշարժացվում է: Առաջացած վերքում արդեն առաջնային ինֆեկցիայի վտանգ կա, և ոսկրաբեկորները վերքի մեջ տանելու դեպքում ստեղծվում է լրացուցիչ վարակման հավանականություն:
Բաց կոտրվածքների առաջին օգնությունը հիմնականում մասնագիտական է:
Առաջին օգնությունը գլխի ոսկրերի և պարանոցի վնասվածքների ժամանակ
Գանգոսկրի կոտրվածքն ավելի նեղ մասնագիտական խնդիր է: Պարանոցի վնասվածքների ժամանակ ևս մասնագիտական մոտեցում է պետք: Եթե կասկած կա գանգոսկրի կամ պարանոցի վնասվածքի, այդ դեպքում ոչ մասնագիտական օգնություն խորհուրդ պետք չէ ցուցաբերել: Այլապես հնարավոր է սխալ օգնության արդյունքում վնասվի ողնուղեղը և արդյունքում ստորին վերջույթները նույնպես տուժեն:
Օրինակ ՃՏՊ-ի ժամանակ, եթե չկա լուրջ մագիստրալ անոթի վնասում, ցանկալի է վնասվածքի ժամանակ ոչ մասնագիտական առաջին օգնությունը ցուցաբերել անգամ առանց տուժածին մեքենայից հանելու, որպեսզի այդ ընթացքում կյանքին սպառնացող շարժումներ չկատարվեն:
Առաջին օգնությունը տրավմատիկ շոկի ժամանակ
Միայն մասնագիտացված օգնություն է պետք ցուցաբերել. առաջին հերթին ցավային շոկն է անհրաժեշտ հանել, ապա ներերակային ներարկումներ կատարել:
Ի՞նչ բարդություններ կարող են լինել ժամանակին առաջին օգնություն չցուցաբերելու դեպքում:
Հիմնական բարդությունները կոտրվածքների ժամանակ՝ արյունահոսությունն է, հետվնասվածքային շոկը, թրոմբո կամ ճարպային էմբոլիան: