Սննդային թունավորումներ

Որոշ թույներ մարդու մարմին ներթափանցում են սննդի հետ։ Սննդային թունավորումներն իրենց հերթին բաժանվում են երկու տեսակի՝ մանրէային և քիմիական թունավորումներ։

Սննդային մանրէային թունավորումների դեպքում ախտածին մանրէնե­րը, որոնք գտնվում են սննդում, արտադրում են թունավոր նյութեր (տոք­սիններ)։ Մթերքները, որոնց ընդունումից հետո ավելի հաճախ են հանդիպում մանրէային թունավորումներ, հետևյալն են՝ ապխտած միսը, երշիկը, ձկնեղենը, կաթնամթերքը, ձուն, տնային պայմաններում պատրաստված պահածոները և այլն։ Սննդային քիմիական թունավորումները տեղի են ունենում, երբ սննդի մեջ բարձր է որոշ մետաղների (ցինկ, կադմիում, կապար և այլն) քանա­կը, կամ առկա են որոշ թունավոր նյութեր: Դա շատ հաճախ տեղի է ունենում, երբ նորմալ կամ բարձր թթվայնություն ունեցող սնունդը երկա­րատև պահվում է մետաղյա տարողությունների մեջ։ Անգամ ջուրը, որը պահվում է կապարից պատրաստված տակառներում, նույնպես կարող է հանդիսանալ թունավորման աղբյուր։

ՍՆՆԴԱՅԻՆ ՄԱՆՐԷԱՑԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Որոշ մանրէներ (ստաֆիլակոկ, սալմոնելա և այլն) իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թույներ (տոքսիններ), որոնք կարող են սննդամթերքի հետ անցնել մարսողական համակարգ և առաջացնել սննդային թունավորումներ։ Սննդային թունավորումները հաճախ ուղեկցվում են ջրազրկման երևույթներով։ Դրանք հատկապես վտանգավոր են երեխաների և տարեց մարդկանց համար։

ՆՇԱՆՆԵՐԸ

  • սրտխառնոց, փսխում,
  • լուծ,
  • ընդհանուր թուլություն,
  • գլխացավ, գլխապտույտ,
  • որովայնային ցավեր,
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Տուժածի մոտ արհեստական փսխում առաջացրեք։
  • Ձեռնարկեք ջրազրկումը կանխարգելող քայլեր (հավելված 3)։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։

Արհեստական փսխում.

Արհեստական փսխում առաջացնելու համար տուժածին հարմար նստեցրեք, կողքին ունեցեք որևէ թաս, որի մեջ տուժածը կարող է փսխել։ Տուժածին խմեցրեք 2-3 լ գոլ ջուր (38–40°C)։ Եթե հնարավոր է, ջրի յուրաքանչյուր մեկ լիտրի մեջ ավելացրեք մեկ գդալ կերակրի սոդա։ Ջուրը խմելուց հետո տուժածի մոտ առաջացրեք փսխում՝ մատով, փայտիկով կամ գդալի պոչով սեղմելով (գրգռելով) լեզվարմատը կամ ըմպանի հետին պատը։ Տուժածը կարող է փսխել նաև ինքնաբերաբար՝ մեծ քանակով գոլ ջուր ընդունելուց։ Փսխումից հետո տուժածը պետք է ողողի բերանը։ Կրկնեք արհեստական փսխումը 4-5 անգամ։ Փսխելիս տուժածը պետք է լինի հարմար դիրքում նստած, մի փոքր առաջ թեքված կամ կողքի վրա պառկած՝ գլուխը մի փոքր առաջ թեքած։ Ցանկալի է, որ փսխման ընթացքում դուք պահեք տուժածի գլուխը՝ ձեռքով բռնելով նրա ճակատը։
Երբեք մեջքի վրա պառկած տուժածի մոտ արհեստական փսխում մի՛ առաջացրեք, քանի որ դա կարող է շնչուղիների խցանման պատճառ դառնալ։ Արհեստական փսխում չի կարելի առաջացնել նավթային հիմք ունեցող նյութերով (կերոսին կամ բենզին) թունավորման ժամանակ, քանի որ այդ նյութերի գոլորշիները կարող են քայքայել թոքային նուրբ հյուսվածքը։
Արհեստականորեն փսխում չի կարելի առաջացնել, երբ

  • տուժածն անգիտակից վիճակում է,
  • տուժածը հղի կին է,
  • տուժածը սրտային հիվանդ է,
  • տուժածի մոտ լինում են ցնցումներ։

Ցանկալի է փսխուքը հավաքել և հանձնել ժամանող շտապ օգնության անձնակազմին՝ թույնի տեսակը որոշելու համար։ Փսխուքը հավաքելիս զգուշացեք դրան ձեռքերով անմիջական դիպչելուց, հնարավորության դեպքում աշխատեք ձեռնոցներով։ Տուժածին հիվանդանոց տեղափո­խելիս փսխուքը և թունավորման պատճառ դարձած նյութը, օրինակ՝ պահածոն, փակած մաքուր ամանով ուղարկեք հիվանդանոց։

ԲՈՏՈՒԼԻԶՄ

Բոտուլիզմը սննդային թունավորում է, որի դեպքում մահացությունը շատ բարձր է։ Բոտուլիզմի դեպքեր հաճախ են պատահում այն վայրերում, որտեղ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված պահածոներ։ Երբեմն բոտուլիզմով թունավորման դեպքեր լինում են նաև ապխտած մսից և ձկնեղենից։

Բոտուլիզմի հարուցիչները միշտ առկա են հողում։ Բանջարեղենի կամ մրգերի հետ նրանք կարող են ընկնել պատրաստվող պահածոյի մեջ։ Կան այնպիսի մթերքներ, որոնք պարզապես հնարավոր չէ լավ լվանալ (օրինակ՝ կանաչին, ծաղկակաղամբը և այլն)։ Նույնիսկ լավ լվացված մրգերի և բանջարեղենի վրա կարող են մնալ հարուցիչներ։ Տնային պայմաններում պահածոյի պատրաստման ընթացքում հարուցիչը չի ոչնչանում, քանի որ դրա համար անհրաժեշտ պայմանները (120°C և 1,2 մթն. ճնշում) հնարավոր է ապահովել միայն գործարաններում։ Այսպիսով, բոտուլիզմի հարուցիչն անցնում է պահածոյի մեջ, ուր ստեղծվում են բարենպաստ պայմաններ նրա կենսագործունեության համար՝ սննդային միջավայր և թթվածնի բացակայություն։ Ինքը՝ հարուցիչը, ոչ մի վտանգ չի ներկայացնում մարդու համար։ Սակայն իր կենսագործունեության ընթացքում նա արտադրում է շատ ուժեղ թույն՝ բոտուլոտոքսին, որը մարդկությանը հայտնի մանրէային թույներից ամենաուժեղն է։ Բոտուլոտոքսին պարունակող սննդամթերքը ոչնչով՝ ո՛չ համով, ո՛չ հոտով, ո՛չ տեսքով չի տարբերվում նորմալ սննդամթերքից, և այդ պատճառով օգտագործման ժամանակ անհնար է հասկանալ՝ այն թունավորված է, թե ոչ։

Ի տարբերություն բոտուլիզմի հարուցիչների, բոտուլոտոքսինը շատ ջերմազգայուն է։ Թույնի վնասազերծման համար բավական է օգտա­գործելուց առաջ 10-15 րոպեի ընթացքում եռացնել պահածոյի պարունակությունը։ Կանխարգելման այս պարզագույն միջոցը շատ հաճախ անտեսվում է, ինչը բերում է ճակատագրական հետևանքների։

ՆՇԱՆՆԵՐԸ

Բոտուլիզմի նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սնունդ ուտելուց 15 րոպեից մինչև 2 ժամվա ընթացքում, սակայն կարող են. արտահայտվել և ավելի ուշ։ Բոտուլոտոքսինը կլվելով՝ մարսողական համակարգից անցնում է արյան մեջ, խաթա­րում է նյարդային համակարգի գործունեությունը և առաջացնում մկանների թուլացում (կրծքավանդակի մկաններ, ստոծանու, կոկորդի, ըմպանի, աղիների հարթ մկաններ և այլն)։ Որոշ դեպքերում տուժածը կարող է ունենալ սրտխառնոց, եզակի փսխում, որովայնի շրջանում ցավեր կամ ծանրության զգացում։ Հիմնական նշաններն ի հայտ են գալիս ստորև բերված հերթականությամբ.

  • թուլություն, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, բերանի չորություն,
  • տեսողության մշուշում և երկատում, կոպերի իջեցում, շլություն,
  • խոսքի խանգարում, ձայնի խռպոտության,
  • կլման դժվարացում,
  • շնչառության դժվարացում (ներշնչումը կատարվում է մեծ դժվարությամբ),
  • որովայնի փքվածություն։

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ

Նշանների ի հայտ գալուն պես անմիջապես ահազանգեք և, մինչև շտապ օգնության ժամանելը, առաջացրեք արհեստական փսխում։ Հնարավորության դեպքում շտապ տեղափոխեք տուժածին հիվան­դանոց՝ սուր թունավորումների կամ վերակենդանացման բաժան­մունք: Տուժածի հետ հիվանդանոց տեղափոխեք փսխուքը, կասկա­ծելի կերակրի նմուշները։ Դա անհրաժեշտ է ախտորոշման և ճիշտ բուժման համար, քանի որ գոյություն ունեն բոտուլիզմի հարուցիչի տարբեր ենթատեսակներ, համապատասխանաբար՝ նաև տարբեր հակաթույներ։

Հիշե՛ք, բոտուլիզմի դեպքում մահացությունը շատ բարձր է, և տուժածին անպայման անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց։ Երբեք մի՛ փորձեք ինքնուրույն բուժել նման թունավորումը։ Բոտուլիզմով թունավորման նույնիսկ չնչին կասկածի դեպքում անմիջապես ահազանգեք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: