Ցրտահարում

Օրգանիզմը ցրտահարվում է օդի ցածր ջերմաստիճանի` հիմնականում -100C-ից ցածր, երկարատև ազդեցության հետևանքով: Ցրտահարություն կարող է առաջանալ ոչ միայն սառնամանիքի, այլև երկար ժամանակ դրսում 00C-ին մոտ ջերմաստիճանի, հատկապես խոնավության և քամու առկայության պայմաններում գտնվելիս: Հիմնական պատճառն արյունատար անոթների երկարատև կծկանքի (ցրտի նկատմամբ օրգանիզմի պաշտպանական հակազդեցության) հետևանքով հյուսվածքներում առաջացող փոփոխություններն են: Նման պայմաններում հատկապես չմարզված, ցրտի նկատմամբ գերզգայուն մարդկանց օրգանիզմի բնական ջերմակարգավորման մեխանիզմներն ի վիճակի չեն պահպանելու ստորին վերջույթների ջերմաստիճանը: Դրանցում աստիճանաբար դանդաղում և այնուհետև դադարում է արյան շրջանառությունը, իսկ երբ օրգանիզմն այլևս ի վիճակի չէ դիմադրելու ցրտին, հյուսվածքներում տեղի են ունենում խորը փոփոխություններ, և բջիջները մահանում են: Վտանգավոր աստիճանի հասած կծկանքի ախտանիշներն են մաշկի անզգայանալը և գունատվելը: Ցրտահարությանը նպաստում են նաև արյան շրջանառությունը դժվարացնող նեղ ու խոնավ հագուստը, կոշիկները, ձեռնոցները, հարկադրված երկարատև անշարժ վիճակում գտնվելը, ինչպես նաև քաղցած լինելը, հոգնածությունը, հիվանդությունների, արյան կորստի, հարբեցողության հետևանքով օրգանիզմի թուլանալը, ծայրանդամների և սիրտ-անոթային համակարգի խրոնիկական հիվանդությունները:

Ցրտահարման աստիճանները

Ցրտահարությունը լինում է 4 աստիճանի: Առաջին աստիճանի դեպքում պատճառը սովորաբար ցրտի ոչ երկարատև ազդեցությունն է: Ախտահարված հատվածի մաշկը գունատվում է, որը տաքացնելուց հետո ընդունում է կապտակարմրավուն երանգ, թեթև այտուցվում է, սակայն չի մեռուկանում: Առաջանում է ծակող, այրող ցավ, ախտահարված հատվածն անզգայանում է: Այտուցը տևում է 5-7 օր: Այդ ընթացքում մաշկը կարող է թեփոտվել: Մաշկի տվյալ հատվածը ցրտի հանդեպ դառնում է զգայուն և կրկին կարող է ցրտահարվել:

Երկրորդ աստիճանի ցրտահարությունն առաջանում է ցրտի ավելի երկարատև ազդեցության հետևանքով: Այս դեպքում վերը նշված կլինիկական ախտանիշներն ավելի արտահայտված են լինում, ցավերը` ավելի սաստիկ: Մաշկի վրա առաջանում են դեղնավուն կամ արյունախառն հեղուկով լցված բշտեր: Ախտահարված հատվածը կորցնում է զգայունությունը, որը պահպանվում է մի քանի օր: Մաշկածածկը ամբողջովին վերականգնվում է 1-2 շաբաթվա ընթացքում` առանց բարդությունների:

Երրորդ աստիճանի ցրտահարության դեպքում ցրտի ազդեցությունը և օրգանիզմի հյուսվածքների ջերմության կորուստը աճում է, ցրտահարվում, մեռուկանում են մաշկի և ենթամաշկային շերտի հյուսվածքները: Մաշկը դառնում է կապտակարմրավուն, անզգա, այտուցվում է, գոյանում են արյունախառն հեղուկով լցված բազմատեսակ և բազմաթիվ բշտեր: Ապաքինումը երկար է տևում` մոտ 60 օր: Սկզբում ցրտահարված հատվածի մեռուկացած հյուսվածքները դուրս են մղվում 2-3 շաբաթվա ընթացքում, որից հետո մաշկածածկը մոտ մեկ ամսվա ընթացքում վերականգնվում է, և մաշկի վրա սպիներ են մնում:

Չորրորդ աստիճանի դեպքում ցրտահարված հատվածն ընդունում է կապտավուն երանգ, այտուցվում է, դառնում անզգա, մաշկի ջերմաստիճանը մնացած հատվածների համեմատ զգալիորեն ավելի ցածր է: Մեռուկանում են փափուկ և ոսկրային հյուսվածքները, մաշկը, արյան անոթները և նյարդերը: Արյունախառն հեղուկով լցված բշտեր առաջանում են ավելի քիչ` միայն II-III աստիճանի ցրտահարված հատվածների վրա: Առողջ մասից վնասված հատվածը տարանջատող գիծն առաջանում է 9-14-րդ օրերին: Ապաքինումը տևում է շուրջ մեկ տարի, սակայն մաշկի վրա մնում են տարածուն սպիներ:

Առաջին օգնությունը

Առաջին հերթին անհրաժեշտ է տուժածին տեղափոխել մոտակա տաք բնակավայր, սառը կոշիկները, գուլպաները, ձեռնոցները հանել: Ընդ որում, պետք է խուսափել ախտահարված հատվածների կտրուկ տաքացումից. ավելի լավ կլինի, որ ախտահարված հատվածը տաքանա արյան նորմալ շրջանառության վերականգնման շնորհիվ: Առաջին օգնությունը ցուցաբերելուն զուգընթաց պետք է անհապաղ շտապ բուժօգնություն զանգահարել: Հետագա բուժումը պոլիկլինիկայում կամ ստացիոնարում իրականացվում է` ելնելով ցրտահարության աստիճանից, ցրտահարվածի տարիքից, ընդհանուր առողջական վիճակից:

Ցրտահարման առաջին աստիճանի դեպքում ցրտահարված հատվածները տաքացնելու համար ձեռքերով շփեք, մերսեք դրանք կարմրության աստիճանի հասցնելով, այնուհետև թանզիֆի վիրակապ դրեք:

Ցրտահարման II-IV աստիճանի դեպքում ցրտահարված հատվածներն արագ տաքացնելու համար շփելը, մերսելն արգելվում են: Ախտահարված հատվածի վրա դրեք ջերմամեկուսիչ վիրակապ` թանզիֆի շերտ, վրան բամբակի հաստ շերտ, կրկին թանզիֆի շերտ, վրայից որևէ ռետինե կամ կալենկորի կտոր: Որպեսզի արյունատար անոթները չվնասվեն, ցրտահարված ծայրանդամներն անշարժացրեք` օգտագործելով ձեռքի տակ եղած ցանկացած միջոց (փայտի կտոր, հաստ ստվարաթուղթ, ֆաներա) դրեք վիրակապի վրա և բինտով փաթաթեք:

Տուժածին տվեք տաք թեյ, ապուր, մի քիչ ալկոհոլային խմիչք, ասպիրին, անալգին, նո-շպա, պապավերին:

Արյունատար անոթները չվնասելու և վարակի ներթափանցումից խուսափելու համար չի կարելի ցրտահարված հատվածը շփել ձյունով, ինչպես նաև բշտերը, այտուցները պոկել կամ ծակել: Դա նույնպես կարող է վարակի ներթափանցման պատճառ դառնալ:

Ինչպես խուսափել ցրտահարումից

Ցուրտ եղանակին երկարատև զբոսանքի գնալիս, ճանապարհորդության մեկնելիս արյան նորմալ շրջանառությունն ապահովելու համար խորհուրդ ենք տալիս տաք, ազատ, ոչ կիպ հագուստ հագնել: Հագնվեք շերտերով, որոնց միջև եղած օդը պահպանում է մարմնի ջերմությունը: Ձեզ հետ բրդյա փոխնորդ գուլպաներ, ձեռնոցներ, տաք հագուստ, թերմոսով թեյ վերցրեք: Մի կրեք մետաղական զարդեր, քանի որ մետաղը մարմնի համեմատ շուտ է սառչում և հնարավոր է, որ դրանք կպչեն մաշկին: Օրգանիզմը էներգիայով ապահովելու համար դուրս գալուց առաջ լավ սնվեք:

Չի կարելի ցուրտ եղանակին դրսում ալկոհոլային խմիչք օգտագործել. այն ընդամենը տաքության պատրանք է ստեղծում, սակայն իրականում օրգանիզմն էներգիա է կորցնում և խաթարվում է իրականության ճշմարիտ ընկալումը:

Ցուրտ եղանակին մի ծխեք. այն նվազեցնում է ծայրամասային արյան շրջանառությունը, և ծայրանդամները ցրտի հանդեպ ավելի անպաշտպան են դառնում:

Եթե ավտոմեքենան փչացել է բնակավայրից հեռու, անծանոթ տեղանքում, ավելի լավ է մնացեք մեքենայի մեջ մինչև ճանապարհին այլ մեքենայի հայտնվելը, կամ հեռախոսով օգնություն կանչեք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: