Կատաղությունը (հիդրոֆոբիա) սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումներին բնորոշ ախտանշաններով: Դրանք են` լուսավախությունը և ջրավախությունը: Մարդու մոտ կլինիկական այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Բնության մեջ վարակի հիմնական աղբյուրը և պահոցը (ռեզերվուար) գիշատիչ կենդանիները, չղջիկները, առնետներն են, իսկ կենցաղում` ընտանի կենդանիները (շներ, կատուներ), գյուղատնտեսական կենդանիները: Մարդու համար վարակի աղբյուր կարող են լինել հիվանդության գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը պայմանավորված է վնասվածքի/կծվածքի տեղակայմամբ, ծանրությամբ և կարող է տատանվել մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ արտաքին լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու, ճանկռելու և այլնի արդյունքում, ինչպես նաև թքոտում` մաշկի և արտաքին լորձաթաղանթների ամբողջության պահպանման դեպքում): Կատաղություն հիվանդության հարուցիչը լավ պահպանվում է ցուրտ պայմաններում, արագ ոչնչանում է մինչև 560 տաքացնելիս: Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի: Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում՝ հետևաբար անհրաժեշտ է կենդանիների (հատկապես՝ թափառող, անհայտ և վայրի) կծելու, մաշկը թքոտելու դեպքում, մանավանդ, երբ կա մաշկի վնասվածք, ԱՆՄԻՋԱՊԵՍ դիմել բժշկական օգնության՝ համապատասխան պատվաստումները ստանալու և հիվանդության զարգացումից զերծ մնալու համար:
Առաջին օգնությունը օձի կծելու դեպքում
Օրերի տաքացմանը զուգընթաց մեծանում է բնության գրկում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց թիվը: Չպետք է մոռանալ, որ մենք մենակ չենք և գոյատևում ենք ոչ միայն մեզ, այլև կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներին հարազատ ընդհանուր միջավայրում:
Եվ այս պարագայում անհրաժեշտ է հիշել, որ անտառում կամ սար բարձրանալիս կարող ենք հանդիպել մեր լեռնաշխարհին բնորոշ կենդանական աշխարհի ներկայացուցիչների, այդ թվում` և օձերի…
Հայաստանում վտանգավոր են համարվում անդրկովկասյան գյուրզան և հայկական իժը: Ոչ թունավոր օձի կծելու ժամանակ կծած տեղում առաջանում են բազմաթիվ մուգ բծեր, իսկ թունավոր օձի կծածի դեպքում մնում են երկու թունավոր ատամների մուգ կապույտ գույնի հետքեր: Կծած տեղում սովորաբար տեղային փոփոխությունները նկատելի են դառնում 15-20 րոպե հետո:
Առաջին անհետաձգելի օգնությունը կայանում է նրանում, որ անհապաղ և ինտենսիվ պետք է վերքից թույնը բերանով արտածծել` հաճախակի թքելով, կամ օգտագործել հատուկ արտածծիչ սարք` մատներով նախապես լայնացնելով վերքի բացվածքը: Այս գործողությունը պետք է շարունակել 10-15 րոպե: Երբ դա կատարվում է կծելուց անմիջապես հետո, հնարավոր է լինում թույնի համարյա 30-50%-ը դուրս հանել օրգանիզմից: Դա կարող է անել ինչպես ինքը` տուժածը, այնպես էլ մեկ ուրիշը: Հիշեք, որ դա անվնաս է, քանի որ օձի թույնն ընկնելով բերանի խոռոչ և ստամոքս` թունավորում չի առաջացնում: Չափազանց կարևոր է վնասված հատվածը անշարժ վիճակում պահելը, քանի որ շարժումներից արագանում է թույնի անցումն արյան մեջ: Ահա թե ինչու տուժածը չպետք է ժամանակ կորցնի, փորձելով բռնել կամ սպանել իրեն կծած օձին կամ անհանգիստ շարժումներ կատարել:
Հակացուցված են ավելորդ միջամտությունները` այրում, կտրվածքների կատարում, ձգում, կծած հատվածի քաշքշում, ամրակապում, ալկոհոլի օգտագործում և այլն: Ալկոհոլային խմիչքների ընդունումը դժվարացնում է թույնի դուրս բերելը օրգանիզմից: Անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկներ խմել, որը երիկամներին հնարավորություն կտա մաքրելու արյունը և պահպանելու օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը: Հիվանդը պետք է մնա անշարժ վիճակում, ընդունի հանգստացնող դեղամիջոցներ և շտապ տեղափոխվի հիվանդանոց: