Իրավունքը հայ հասարակության պատմության մեջ ծագել է նույն այն պատճառների և պայմանների ուղով ինչ որ պետությունը։ Պետության և իրավունքի ծագման գործընթացները ընթանում են զուգահեռ։ Միաժամանակ տարբեր ժողովուրդների մոտ, տարբեր պատմական ժամանակաշրջաններում իրավունքի ծագումը ունեցել է իր առանձնահատկությունները։ Յուրաքանչյուր հասարակության տնտեսական և սոցիալական կյանքը պահանջում է արտադրության, բաշխման և նյութական բարիքների սպառման մեջ ընդգրկված մարդկանց գործունեության, նրանց վարքի կանոնակարգում։ Այս խնդիրը լուծվում է սոցիալական նորմերի օգնությամբ։ Նախնադարյան հայկական հասարակությունում (ինչպես նաև այլ ժողովուրդների) դրանք հիմնականում սովորույթներն էին։
Հասարակության սոցիալական շերտավորումը, հասարակության մեջ իրենց շահերով և հետաքրքրություններով տարբեր սոցիալական խմբերի ի հայտ գալը հանգեցնում են նրան, որ նախնադարյան տոհմատիրական համակարգի սովորույթներն այլևս ի վիճակի չեն լինում լուծել այս խնդիրը, կատարել իրենց համակարգավորիչ դերը։ Որակապես նոր սոցիալ-տնտեսական պայմանները պահանջում են պետության կողմից սահմանված կամ թույլատրվծ և պետության կողմից պաշտպանվող նոր համապարտադիր նորմեր։
Իրավունքի, ինչպես և պետության ծագումը դյուրին չի եղել, այն տևել է հարյուրամյակներ։ Այդ պատճառով տեսականորեն, սխեմատիկ շարադրել իրավունքի ծագումը Հայաստանում անհնար է։ Ինչպես Հայաստանում, այդպես էլ տարբեր երկրներում այդ գործընթացը, թեև ընդհանուր օրինաչափություններով, ունեցել է աբցյալի և ներկայի մտածողներին, հին ու նոր աշխարհի գիտնականներին։ Իրավունքի ծագման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր տեսություններ, որոնք մեծ մասամբ սերտորեն կապված են պետության ծագման մասին գոյություն ունեցող տեսությունների հետ։ Դրանցից առավել հայտնի և տարածվածներն են. աստվածային, բնական, պատմական, նորմատիվային, մարքսիստական տեսությունները։
Հայոց իրավունքի և իրավական մտքի պատմության սկզբնաղբյուրներն իրենց արմատներով գնում են խորը հնադար։ Դրանց համառոտ շարադրանքից երևում է, որ հնում և միջնադարում հայ ժողովրդի իրավունքը և իրավական միտքը պատմականորեն ունեցել է իր իրավական աղբյուրները։ Այդ աղբյուրներն են[1].
սովորույթը կամ սովորութային իրավունքը
կանոնական կամ եկեղեցական իրավունքը
օտար իրավունքի ռեցեպցիան (Մովսեսական օրենքները, Ասորահռոմեական դատաստանագիրքը, բյուզանդական զինվորական օրենքը, հռոմեակաբյուզանդական և այլ իրավունքներ)
ազգային դատաստանագրքեր (Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը»)
իրավահայտ աղբյուրները, այսինքն հայ և օտար պատմագիրների աշխատությունները, վիմագիր տարեգրերն ու նյութական մշակույթի այլ հիշատակարանները։