Դարեհ Ա

Պարսից արքա Դարեհ Առաջինը մեծ դեր է խաղացել մ.թ.ա. VI դարի հայոց պատմության մեջ: Բավական է նշել, որ հենց Դարեհ Առաջինն է Բեհիսթունի ժայռին թողած իր եռալեզու արձանագրության մեջ առաջին անգամ Հայաստանը կոչել Արմենիա…

Դարեհ Ա Վշտասպյանը Աքեմենյան Պարսկաստանի գահ բարձրացավ մ.թ.ա. 522 թ., 28 տարեկան հասակում և կառավարեց մինչև մ.թ.ա. 486 թվականը: Նրա գահակալման պատմությունը բավական զավեշտալի է:

Պարսկաստանում իշխանությունը խաբեությամբ զավթել էր մոգ Գաումատան՝ ներկայանալով որպես Կյուրոս Մեծի որդի Սմերդիս, որը թագավոր Կամբյուսեսի եղբայրն էր: Մոգը շատ նման էր Սմերդիսին, բայց մոգի մի ականջը չկար, կտրված էր: Սակայն թե՛ Սմերդիսը, թե՛ մոգը երկար մազեր ունեին, և Գաումատան խաբեությամբ կարողանում է գրավել արքայական գահը: Շուտով պարզվում է խարդախությունը, և 12 պարսիկ ազնվականներ ապստամբություն են բարձրացնում ինքնակոչի դեմ: Ապստամբները ջախջախում են Գաումատայի բանակն ու սպանում նրան:

Ապստամբության հաղթական ավարտից հետո, 12 ազնվականները նստում են խորհրդակցության, որպեսզի որոշեն, թե ով է լինելու պարսից գահի ժառանգորդը և Կյուրոս Մեծի դստեր՝ Աթոսայի ամուսինը, քանզի գահին տիրելու համար նոր արքան պետք է ամուսնանար Աքեմենյան տերության հիմնադրի դստեր հետ՝ այդպիսով օրինականացնելով իր իրավունքը պարսից գահին: Եվ ընդհանուր հայտարարի չգալով՝ պարսիկ ազնվականները որոշում են վաղ լուսաբացին ձի հեծած զբոսանքի դուրս գալ մայրաքաղաք Շոշից: Ում ձին առաջինը խրխնջար, նա էլ կլիներ պարսից թագավորը, իսկ մյուսները պիտի հավատարիմ ծառայեին նրան:

Խորհրդակցությունից հետո, երբ Դարեհն այդ որոշումը հայտնում է իր ծառային, վերջինս վստահեցնում է իր տիրոջը, որ նա վաղը կբարձրանա պարսից գահ: Երբ մութն ընկնում է, Դարեհի ծառան իր տիրոջ էգ ձին (ռազմի նպատակներով օգտագործել են միայն էգ ձիեր, քանզի էգ ձին կարող է հընթացս միզել, ինչը չի կարող անել արուն) մի ուրիշ արու ձիու հետ հանում է ախոռից, տանում քաղաքի պարիսպներից դուրս, ուր Դարեհի ձին բեղմնավորվում է: Արու ձին կապում է տեղում՝ քաղաքի դարպասների մոտ:

Առավոտյան, երբ Դարեհը ձին հեծած դուրս է գալիս պարիսպներից, նրա ձին, ճանաչելով իր գիշերային «տարփածուին», ուրախ խրխնջում է, և պարսից ազնվականները, պայմանի համաձայն, ճանաչում են Դարեհի՝ պարսից գահին նստելու իրավունքը:

Գահ բարձրանալով՝ Դարեհի առաջին գործը եղավ պարսից հսկայածավալ պետության մեջ բռնկված ապստամբությունների ճնշումը: Պարսից տերության շատ մարզեր ապստամբել էին դեռևս Գաումատայի կառավարման տարիներին: Դարեհին ամենահզոր դիմադրությունը ցույց տվեց Հայաստանը:

Ապա Դարեհն արշավանք ձեռնարկեց դեպի Աֆրիկա և նվաճեց Եգիպտոսից արևմուտք ընկած Բարկե և Կիրենե հունական գաղութները:

Աֆրիկյան արշավանքից հետո Դարեհ արքան մեծ արշավանք սկսեց դեպի Արևմուտք և իր հսկողությունը սահմանեց Հելեսպոնտոսի և Բոսֆորի նեղուցների վրա: Նա պարսից առաջին տիրակալն էր, որ արշավել է նաև Եվրոպա: Մ.թ.ա. 512 թ. պարսկական զորքերը, Դարեհի գլխավորությամբ անցնելով Դանուբը, արշավեցին սկյութների վրա: Վերջիններս խուսափեցին բաց ճակատամարտից և պարտիզանական կռիվներով մաշեցին պարսկական զորքը: Դարեհը ստիպված էր նահանջի հրաման տալ:

Սակայն նվաճողի անհագուրդ ցանկությունը Դարեհին մղում է նոր արկածախնդրության: Մ.թ.ա. 491 թ. նա դեսպանություն է ուղարկում Հունաստան՝ հունական պոլիսներից պահանջելով ենթարկվել և հարկ վճարել պարսկական տերությանը: Շատ պոլիսներ վախենում և ընկրկում են: Սակայն Աթենքն ու Սպարտան արհամարհում են Դարեհի բանագնացներին և պատրաստվում պատերազմի: Մեկ տարի անց պարսկական նավատորմը հայտնվում է Ատտիկայի ափերին: Դարեհն ափ է իջնում Մարաթոնի դաշտում, սակայն Մարաթոնի ճակատամարտում աթենացիները փայլուն հաղթանակ են տանում: Դարեհը ստիպված նահանջում է Հունաստանից: Նա հետագայում ռևանշի ձգտեց հույների դեմ, սակայն չհասցրեց, մահացավ: Դարեհի մարմինն ամփոփված է Պերսեպոլիսի մոտ, արքայական գերեզմանատանը:

Դարեհն իր կառավարման տարիներին վարչական բարեփոխումներ արեց Պարսկաստանում: Նրա ընդունած օրենքով պարսիկներն ազատվեցին պետական բոլոր հարկերից: Պարսիկներն ապրում էին գանձարանի հաշվին՝ պետության նկատմամբ ունենալով միայն ռազմական պարտավորություն: Պարսիկ տղամարդիկ ծառայում էին հատուկ՝ Անմահների գնդում:

Նա զարկ տվեց առևտրին, տնտեսությանը, կառուցեց մոտ 2000 կմ երկարությամբ Արքայական մայրուղին, որի մի մասն անցնում էր Հայաստանով և ձգվում մայրաքաղաք Շոշից մինչ Էգեյան ծով: Մայրուղու կառուցման նպատակը ճանապարհների բարեկարգումն ու առևտրի զարգացումն էր:

Դարեհ Առաջինը սահմանել է դրամական ընդհանուր կարգ՝ ըստ ոսկե դրամի՝ դահեկանի (8,416 գ): Ոսկեդրամ հատելու իրավունք վերապահվել է միայն Աքեմենյան թագավորին, իսկ տեղական թագավորներին ու իշխաններին՝ միայն արծաթե դրամ՝ սիկլ:

Դարեհը կառուցապատեց ու հարդարեց Պերսեպոլիսը: Մանավանդ շքեղ էր նրա պալատը քաղաքի կենտրոնում, որ հին աշխարհի ճարտարապետության բարձրաճաշակ նմուշներից է համարվում:

Մ.թ.ա. 521 թ. Դարեհ Առաջինը Պարսկաստանի Քերմանշահ քաղաքի մոտ՝ Բեհիսթունի ժայռին եռալեզու՝ հին պարսկերեն, բաբելոներեն և էլամերեն արձանագրություն է թողել, որում մանրամասն տեղեկություններ է հաղորդել հայ-պարսկական հարաբերությունների մասին: Այս արձանագրության մեջ Հայաստանը հիշատակվում է թե՛ որպես Արմենիա, թե Ուրարտու:

Նա հարթեցնել տվեց Բեհիսթունի ժայռը, զարդարեց այն պատկերաքանդակներով, դարձրեց արվեստի իսկական գործ ու այնտեղ փորագրել տվեց իր տարեգրությունը:

Դարեհն արձանագրության մեջ հիշատակում է հայ-պարսկական պատերազմի մասին և պարծենում, թե ինչպես է ճնշել հայերի ապստամբությունը: Սակայն արձանագրությունը վերլուծելուց հետո պարզ է դառնում, որ իրադարձությունները միանգամայն այլ ընթացք են ունեցել:

«…Դարեհ թագավորն ասում է՝ արդ՝ Արմենիա ուղարկեցի մի արմեն՝ իմ Դադարշիշ անունով ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա, նվաճիր այդ ապստամբ ժողովուրդը, որ ինձ չի հպատակվում»։ Դադարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա, ապստամբները դուրս եկան Դադարշիշի դեմ՝ նրան ճակատամարտ տալու։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ն էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

…Դարեհ թագավորն ասում է՝ ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը թշնամու բանակը հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։

…Դարեհ թագավորն ասում է՝ ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին, մնաց Արմենիայում, մինչ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա։

…Դարեհ թագավորն ասում է՝ այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսիկի՝ իմ ծառային և այսպես պատվիրեցի. «Գնա նվաճիր այդ ապստամբ ժողովուրդը, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա անունով մի երկիր կա, ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր, երբ ճակատամարտը տեղի ունեցավ»:

Բեհիսթունյան արձանագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Դարեհը պարծենում է. հայ-պարսկական պատերազմն այլ ընթացք է ունեցել: Եթե առաջին ճակատամարտը տեղի է ունեցել հայոց երկրի սրտում, ապա հայազգի Դարդարշիշի դեմ մյուս երկու բախումներն ապստամբ հայերն ունեցել են հայ-պարսկական սահմանագլխին: Բնականաբար, երեք ճակատամարտերում էլ հայերը հաղթող են եղել, և պարսից արքան ստիպված էր ոչ միայն փոխել պարսից բանակի զորահրամանատար հայազգի Դարդարշիշին, որն ամենայն հավանականությամբ սպանվել է, այլև ստիպված էր հայոց հարձակվող գնդերին դիմագրավել արդեն Պարսկաստանի տարածքում՝ Ասորեստանի Իզալա անունով բնակավայրում: Այսինքն՝ հայերը, ջախջախելով պարսկական բանակները, հակահարձակման են անցել:

Հայտնի է, որ Դարեհի դեմ Բաբելոնն ապստամբել էր հայազգի Խալդիտայի որդի Արախայի գլխավորությամբ: Գուցե հայոց բանակները, Ասորեստան ներխուժելով, նպատակ են ունեցել միանալ Արախային և միասին ներխուժել Իրան:

Այնուամենայնիվ, համառ կռիվներից հետո Դարեհին հաջողվել է նվաճել Հայքը: Հայաստանը Դարեհ Ա-ի օրոք մտել է Պարսկական տերության կազմի մեջ՝ հանդիսանալով նրա 13-րդ սատրապությունը: Հայ Երվանդունիները Աքեմենյան Իրանին տարեկան որպես հարկ 20.000 մտրուկ և 400 տաղանդ արծաթ էին վճարում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: