Արշակ Բ (ծննդյան թվականն անհայտ 320 ական. թթ.. – մոտ 368 թվական), Հայոց Արշակունի թագավոր 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։ 350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։ Արշակը չի դարձել նրանց կամակատարը. վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։ Կայսրն իր սպանված եղբոր հարսնացու Օլիմպիային կնության է տվել Արշակին՝ իբրև երաշխիք երկու երկրների փոխհավատարմություն։ Միաժամանակ նա պատանդությունից արձակել է Տրդատի Տիրիթ և Գնել որդիներին։ Արշակ Բ-ի գահակալության առաջին տարիներն անցնում են խաղաղությամբ։ Հարաբերական այս խաղաղությունը հետևանք էր, առաջին հերթին, պարսից արքունիքի և Հռոմի կայսրության միջև տեղի ունեցած պատերազմների ժամանակավոր դադարի, իսկ Հայաստանը, որ կռվախնձոր էր այդ երկու պետությունների միջև, օգտվում է ստեղծված խաղաղությունից։ Կարճատև այդ խաղաղ շրջանն օգտակար էր երկրի ռազմական ուժերը հավաքելու, տնտեսությունը վերականգնելու և շինարարական նոր աշխատանքներ ծավալելու համար։ Ներքին քաղաքականության հարցերում Արշակն աշխատում է առաջին հերթին համախմբել պառակտված ավատատիրական շրջանը՝ պաշտոններ տալով և սիրաշահելով իր հոր օրոք՝ արքունիքից դժգոհ և պաշտոններից հեռացած նախարարներին։ Նա պաշտոնի է կանչում Տայքի և Սպերի Մամիկոնյաններին, որոնք իր դայակներն էին եղել. Վասակ Մամիկոնյանին նշանակում է զորքի սպարապետ, իսկ նրա ավագ եղբորը՝ Վարդանին, նահապետ։ Գնունյաց նախարարական տանն է հանձնում հազարապետությունը։ Արքունիքի մյուս կարևոր պաշտոններում ևս նշանակում է աչքի ընկնող նախարարների։ Արշակին հաջողվում է կարճ ժամանակամիջոցում համախմբել գրեթե բոլոր դժգոհ իշխաններին։ Պայքար սկսվեց նախարարական տների ներսում։ Վասակ սպարապետը դարձավ թագավորի հավատարիմ զինակիցը, իսկ նրա եղբայր Վահան Մամիկոնյանն անցավ պարսկամետների ճամբարը։ Հետագայում Վահան Մամիկոնյանը դավաճանության և ուրացության համար սպանվեց իր որդու՝ Սամվելի ձեռքով (այս դեպքերը գեղարվեստորեն նկարագրել է Րաֆֆին իր «Սամվել» պատմավեպում)։ Արշակը կազմակերպում և ուժեղացնում է բանակը՝ համալրելով այն թարմ ուժերով։ Նա ուշադրություն է դարձնում հատկապես ծանր զրահավոր հեծելազորի վրա, որը հայկական բանակի մարտական ուժեղագույն զորամասերից մեկն էր։
Արքունի զորաբանակը մեծացնելու և թագավորական իշխանությանը սպառնացող նախարարական ավագանուն թուլացնելու նպատակով նա ծրագրել էր ոստանում հիմնել արտոնյալ, ապահարկ նոր քաղաքներ և նրանցում բնակեցնել նախարարական տիրույթների բնակիչներին։
Այդ գործում առաջին քայլը եղել է Կոգովիտ գավառում Արշակավան քաղաքի կառուցումը։ Դա Արշակի համար օգտակար էր երկու տեսակետից. իր հիմնած քաղաքը կդառնար առևտրական խոշոր կենտրոն և մեծ շահույթ կբերեր իրեն և ապա՝ հարևան նախարարություններից այնտեղ կհավաքեր մեծ թվով բնակիչներ։ Իհարկե Արշակի համար դժվար էր, միանգամից մեծ թվով բնակիչներ հավաքել այնտեղ ուստի նա հրովարտակ է գրում և ազդարարում, որ քաղաքի մուտքն ազատ է բոլոր տեսակի եկվորների համար։ Գյուղական բնակչության մասսայական այս փախուստը չէր կարող չառաջացնել նախարաների և եկեղեցականների զայրույթը։ Այդ ժամանակ Ներսես կաթողիկոսը ներկայանում է թագավորին և կշտամբում նրան, որ այդպիսի «անմիտ գործ» է ձեռնարկել և պահանջում է քանդել քաղաքը։ Սակայն Արշակը կտրականպես մերժում է նրան։
Դրանից հետո հայ դժգոհ նախարարները, Ներսես կաթողիկոսի գլխավորությամբ դիմում են ռազմական ուժի։ Օգտվելով Արշակ թագավորի բացակայությունից նրանք հարձակվում և սրի են մատնում Արշակավանի անզեն բնակչությանը։ Երբ Արշակ Բ-ն գտնվում էր Վիրքում, նախարարները պարսկական զորքերի հետ հարձակվեցին Արշակավանի վրա և ահավոր կոտորած կազմակերպեցին։ Արշակ Բ-ն, համախմբելով իր կողմնակիցներին, ճակատամարտ տվեց նախարարներին։ Սակայն կողմերից ոչ մեկը չհաղթեց, և կաթողիկոս Ներսես Մեծի միջնորդությամբ նրանց միջև հաշտություն կնքվեց։ Դրա համաձայն թագավորը պարտավորվում էր հարգել նախարարների իրավունքները, իսկ վերջիններս էլ խոստանում էին նրան հավատարմորեն ծառայել։ Սակայն Արշակը հաշտություն կնքեց միայն ժամանակ շահելու համար։ Նա ուժերը համախմբելուց հետո հարձակվեց Արշակավանը կործանած նախարարների վրա, նրանցից շատերին կոտորեց, իսկ Կամսարականների ընտանիքը գրեթե բնաջնջեց։
Հայ—պարսկական պատերազմ (364-368)
Հայ-պարսկական պատերազմը տևեց 4 տարի։ Հայերն սկզբում հաջողությամբ հետ էին մղում պարսից բանակի հարձակումները և անգամ ներխուժում պարսկական երկրամասեր։ Աստիճանաբար մի շարք նախարարներ լքեցին Արշակին, իսկ մնացածները չեզոք մնացին կամ անցան պարսիկների կողմը։ Շապուհ Բ-ն դիմեց նենգ քայլի՝ Արշակ Բ-ին առաջարկելով գալ Տիզբոն՝ հաշտություն կնքելու։ Այդ խորամանկ առաջարկն արժանացավ պատերազմից հոգնած նախարարների հավանությանը։ Արշակ արքան ու սպարապետ Վասակ Մամիկոնյանը ստիպված եղան ուղևորվել Տիզբոն՝ նախապես երդում ստանալով Շապուհից՝ իրենց անվտանգության վերաբերյալ։ Սակայն Տիզբոնում Արշակը ձերբակալվեց և նետվեց Անհուշ բերդ, որտեղ շուտով մահացավ, իսկ Վասակ Մամիկոնյանը մորթազերծ արվեց։