Եղիշե Չարենց

Չարենցը ծնվել է 1897թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչոր բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզայանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսի տունը այժմ կիսավեր վիճակում: Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 19081912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1912 թ. Թիֆլիսի «Պատանի» ալմանախում լույս է տեսել նրա «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը: 1914թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նա հանդես էր գալիս Չարենց գրական ազգանվամբ։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Վան:

1915 թ. Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր(Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին[9]:

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլարգյուղի դպրոցում։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։  19201921թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը, շարադրում «Երկիր Նաիրի»վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական միության ղեկավարությունը։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։ 1927թվականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացված կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է։ Գերեզմանի տեղը անհայտ է: Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը և նաև դրանից հետո։ Մարգարեանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936թվականի դեկտեմբերի 15-ին, ինքն էր գրել.

Իմ մահվան օրը կիջնի լռություն, 
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s

Создайте свой веб-сайт на WordPress.com
Начало работы
%d такие блоггеры, как: